Արամ Ա Կաթողիկոսը կոչ է արել հավատարիմ լինել անկախությանը՝ որպես սրբազան արժեքի

21.09.2026, 12:26
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ
Արամ Ա Կաթողիկոսը կոչ է արել հավատարիմ լինել անկախությանը՝ որպես սրբազան արժեքի

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ:

«Այսօր 21 Սեպտեմբեր Հայաստանի անկախության օրն է։
Անկախությունը աստվածատուր պարգև է. այն պետք է պահել հավատարմությամբ։ Անկախությունը նաև մարդկային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկն է. այն հարկ է հարգել», - նշված է ուղերձում։

Արամ Ա-ն նշել է, որ անկախության ամուր պահպանումը ու իր սկզբունքների, արժեքների ու հրամայականնների նկատմամբ հավատարմությունը ենթադրում է հավատք, կամք ու պայքար։

«Ա՛յս գիտակցությամբ հայ ժողովուրդը կերտեց ու պահպանեց իր անկախությունը․ և, երբ պատմության պայմաններում պարտադրանքով կորցրեց՝ այն վերահաստատելու տեսլականը վերածեց ամենօրյա պայքարի», - ասված է ուղերձում։

Նա նաև նշել է, որ արդարև հայրենիքի հզորացման ու զարգացման, ինչպես նաև հայ ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է։

«Հայաստանի անկախության նշումը պատգամ է՝ ուղղված յուրաքանչյուր հայի՝ հավատարիմ լինելու անկախությանը՝ որպես սրբազան արժեքի, - ընդգծել է Կաթողիկոսը։