Արձանագրվել է սրտի կանգ․ Գալյանը մանրամասներ է հայտնել «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուի մահվան մասին

10.11.2026, 14:50
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է ՔԿՀ–ում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուի մահվան դեպքին
Արձանագրվել է սրտի կանգ․ Գալյանը մանրամասներ է հայտնել «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած «Ուժեղ Հայաստանի» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մոտ արձանագրվել է սրտի կանգ, հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Արձանագրվել է սրտի կանգ։ Հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ ինքնազգացողության վատացում անձը չի ունեցել»,- ասել է նախարարը ճեպազրույցի ժամանակ։

Նա հայտնել է, որ այսօր առավոտյան Գևորգյանը բողոքել է ինքնազգացողությունից։ Ժամը 07։55-ի սահմաններում բուժակն այցելել և զննություն է կատարել, որից կարճ ժամանակ անց շտապ օգնություն է կանչվել, ինչից հետո արձանագրվել է սրտի կանգ։

«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում»,- նշել է Գալյանը։

Նախարարը հայտնել է, որ նախորդ տարվա ընթացքում 20-ից ավելի մահվան դեպք է գրանցվել, իսկ այս տարվա ընթացքում սա մահվան չորրորդ դեպքն է։

Ավելի վաղ Քրեակատարողական հիմնարկների լրատվականից հայտնել էին, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, շտապօգնության անձնակազմն արձանագրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող՝ 1980 թվականին ծնված կալանավորված անձի կենսաբանական մահը։

Արսեն Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։