«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել»․ 13-ամյա աղջկա մայրը հայտնել է միջադեպի զարգացումների մասին

11.11.2026, 18:12
Հայտնի են դարձել նոր զարգացումներ Երևանի ավտոբուսներից մեկից 3-ամյա աղջկան իջեցնելու միջադեպի վերաբերյալ
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել»․ 13-ամյա աղջկա մայրը հայտնել է միջադեպի զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի ավտոբուսներից մեկից 13-ամյա աղջկան իջեցնելու միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։

13-ամյա աղջկա մայրը` Աննա Ստեփանյանը, հայտարարել է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակի հետ զրույցում տեղեկացել է, որ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, իսկ հսկիչը միջադեպը ներկայացրել է՝ իր պնդմամբ, խեղաթյուրելով ողջ իրականությունը։

«Քիչ առաջ երկարատև զրույց ունեցա «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ։ Ուզում եմ հատուկ ընդգծել նրա պատրաստակամությունը՝ միշտ լսելու, կապի մեջ լինելու և կատարվածը հնարավորինս օբյեկտիվ հասկանալու համար։

Ցավոք, պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ, որոհետև, ի բարեբախտություն հսկիչի, ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը», - գրել է նա Facebook-ի իր էջում։

Նրա խոսքով՝ վերահսկիչը պնդել է, թե 13 տարեկան աղջիկն իրեն ասել է, որ 17 տարեկան է, ինչի պատճառով էլ նա պահանջել է անձնագիր։

«Իսկ հաջորդ «արտառոց» պնդմամբ՝ երեխային ոչ թե ինքն է իջեցրել, այլ աղջիկս է ասել, թե «ինքն ԱՅՍՏԵՂ Է ԻՋՆՈՒՄ»։ Եվ սա այն դեպքում, երբ ավտոբուսը գտնվել է «Ռոսիա» կինոթատրոնի կանգառում, իսկ մենք բնակվում ենք Ավանում», - հայտնել է աղջկա մայրը։

Նա նաև նշել է, որ վերահսկիչն իր հետ ավելի վաղ հեռախոսազրույցում ասել էր, որ ինքն է աղջկան իջեցրել ավտոբուսից՝ քարտը լիցքավորելու համար։

«Ցավալի է, բայց ևս մեկ կեղծիք ջրից չոր դուրս կգա։ Եվ դրանում վստահ եմ, որովհետև ունեմ բոլոր օբյեկտիվ պատճառները մտածելու, որ նա նույնիսկ հասարակ դիտողության անգամ չի արժանանա։ «Շնորհակալություն» տեսախցիկների բացակայությանը», - գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Ստեփանյանը հայտնել էր, որ Երևանի ավտոբուսներից մեկի վերահսկիչն ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ իջեցրել է իր 13-ամյա դստերը։ Ըստ մոր՝ երեխայի փոխարեն ուղեվարձը վճարել էր հայրը։