Հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցում «ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը․ այն պատրաստվել է Փաշինյանի հանձնարարությամբ
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։
Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թվականների ծրագրից և պատրաստվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։
Զեկույցի նպատակն է բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա փաստագրել ՀԱՍԵ-ում առաջացած ճգնաժամը և առաջարկել լուծման ուղիներ։
«Սույն զեկույցը որևէ կերպ չի վիճարկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան Ավանդությունը և կանոնական կարգը։ Զեկույցի նպատակն է փաստագրել հենց այդ հիմքեր, Կանոնագրքի և եկեղեցական ավանդույթների խախտումները՝ ի պաշտպանություն Եկեղեցու ինքնության և ինքնավարության», – նշվում է զեկույցի վերաբերյալ հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ բարենորոգումն իրականացնում է ինքը՝ Եկեղեցին՝ իր նվիրապետության և հավատավոր ժողովրդի խորհրդակցային մասնակցությամբ, իսկ պետությունը գործում է իր օրենսդրական իրավասությունների շրջանակում։
Զեկույցում օգտագործվել են բացառապես բաց աղբյուրներում առկա և օրինական ճանապարհով հասանելի տեղեկություններ՝ ավելի քան 250 հղումով։ Յուրաքանչյուր ուղղությամբ փաստերն ու վկայությունները համադրվել են ՀԱՍԵ Կանոնագրքի, Առաքելական կանոնների, Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու 1945 թվականի Կանոնադրության, կանոնական այլ փաստաթղթերի և ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթների հետ։
Զեկույցում ներկայացված է 16 արձանագրում
Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով, ըստ փաստաթղթի, արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամը։ Դրանց թվում են՝ կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը, հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները, ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը, ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը, Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը, Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը, ինչպես նաև պառակտումները Սփյուռքի թեմերում։
Ճգնաժամի հաղթահարման հինգ քայլ
Զեկույցն առաջարկում է ճգնաժամի հաղթահարման հինգ քայլից բաղկացած ճանապարհային քարտեզ․
- Բարենորոգման օրակարգի վերահստակեցում և հանրահռչակում
- ՀԱՍԵ փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը)
- Կաթողիկոսական տեղապահի ընտրություն
- ՀԱՍԵ միասնական Կանոնադրության ընդունումը
- Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։
Առաջին քայլի շրջանակում առաջարկվում է ձևավորել Բարենորոգման համակարգող խումբ՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, ինչպես նաև հրապարակել դրա կազմի ընդլայնման ընթացակարգը։
Նշենք, որ հրապարակման պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական արձագանքը չի ստացվել:
Փաշինյանի և ՀԱԵ–ի միջև հակամարտության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության միջև առճակատումը շարունակվում է արդեն ավելի քան երկու տարի՝ ներքաղաքական տարաձայնությունների և կառավարության քաղաքականության դեմ բողոքի ակցիաների ֆոնին:
Հակամարտությունը սրվեց 2024 թվականին, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գլխավորեց բողոքի շարժումը, որը հետագայում պահանջեց կառավարության ղեկավարի հրաժարականը:
2025 թվականին Փաշինյանը հանդես եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի սուր քննադատությամբ և հայտարարեց նրա հեռանալու և Եկեղեցու կառավարման համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իշխանությունների գործողությունները որակեցին որպես միջամտություն ՀԱԵ ներքին գործերին:
Առճակատումն ուժեղացավ մի շարք բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերի ֆոնին: Իշխանությունները հայտարարում էին, որ իրավապահ մարմինների գործողությունները կապված չեն կրոնական գործունեության հետ, մինչդեռ ՀԱԵ-ում տեղի ունեցողն անվանում էին ճնշում Եկեղեցու նկատմամբ:

