Հայաստանն ու Վրաստանը խոստացել են 2029 թ.-ի ֆուտբոլի Աշխարհի երիտասարդական առաջնությունը վերածել ֆուտբոլային տոնի

29.04.2026, 16:22
Մելիքբեկյանը և Կոբիաշվիլին ՖԻՖԱ-ի նախագահի հետ քննարկել են Աշխարհի 2029թ․ երիտասարդական առաջնության կազմակերպման մանրամասները
Հայաստանն ու Վրաստանը խոստացել են  2029 թ.-ի ֆուտբոլի Աշխարհի երիտասարդական առաջնությունը վերածել ֆուտբոլային տոնի

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները զրույցում նշել են, որ մեծագույն պատիվ և պատասխանատվություն է ստանձնել 2029 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնության հյուրընկալումը:

2 երկրների ֆուտբոլային գերատեսչությունների ղեկավարներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնել ՖԻՖԱ-ի ֆուտբոլային ընտանիքին՝ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ցուցաբերած նման բարձր վստահության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ միավորելու ամբողջ ներուժն ու ջանքերը՝ կազմակերպելու բարձր մակարդակի ֆուտբոլային մրցաշար:

Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին ընդգծել են, որ երկու երկրներն էլ վճռական են տրամադրված 2029 թ.-ի աշխարհի առաջնությունը վերածելու իսկական ֆուտբոլային տոնի, որը կառանձնանա իր բարձրակարգ կազմակերպվածությամբ և հյուրընկալության յուրահատուկ մթնոլորտով:

Ջաննի Ինֆանտինոյի հետ արդեն իսկ քննարկվել են առաջիկա քայլերը և համատեղ աշխատանքային օրակարգի մանրամասները՝ երաշխավորելու առաջնության անթերի ընթացքը: