Կարծում եմ՝ սա Փաշինյանի՝ ընդդիմադիրներին համոզելու պրոցեսն է․ Նարեկ Կարապետյանը՝ խուզարկությունների մասինս
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր ընտանիքի հետ կապված հասցեներում իրականացվող խուզարկությունները համարում է քաղաքական ճնշում և դրանք կապում սահմանադրական փոփոխություններին ընդդիմության աջակցությունը ստանալու իշխանությունների փորձերի հետ։
Չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտնել է, որ խուզարկության պահին տանը չի եղել, այնտեղ են գտնվել ընտանիքի անդամներն ու երեխաները։
«Տանը եղել են ընտանիքի անդամները, երեխաները։ Հոբելյանական չորրորդն էր։ Փոքրն ուրախացել էր», – ասել է նա։
Կարապետյանի կարծիքով՝ խուզարկությունների իրական նպատակը ընդդիմությանը սահմանադրական փոփոխություններին աջակցել ստիպելն է, որպեսզի իշխանությունները կարողանան նոր Սահմանադրությունը դնել հանրաքվեի։
«Կարծում եմ՝ սա Փաշինյանի՝ ընդդիմադիրներին համոզելու պրոցեսն է էլի, որ Սահմանադրությունը կարողանա հանրաքվեի դնել ու անցկացնել», – ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ փորձելու է համոզել ընդդիմադիրներին աջակցել սահմանադրական փոփոխությունների հարցում։
«Հիշում եք, որ հայտարարեց, որ փորձելու է համոզել ընդդիմադիրներին, որպեսզի Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկեն, համոզում է, աչք է վախեցնում», – նշել է նա։
Կարապետյանը վստահեցրել է, որ խուզարկություններն ու հնարավոր նոր ձերբակալությունները չեն փոխի «Ուժեղ Հայաստանի» դիրքորոշումը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է Սահմանադրություն, որը կարող է թուլացնել երկիրը։ Նա պնդել է, որ ադրբեջանցի պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։
Կարապետյանը նշել է, որ իր քաղաքական ուժը շարունակելու է պայքարել այդ փոփոխությունների դեմ՝ դա համարելով Հայաստանի անկախության պաշտպանության հարց։
Անդրադառնալով խուզարկությունների ընթացքում համակարգիչների առգրավման մասին տեղեկություններին՝ Կարապետյանը նշել է, որ չի կարող մանրամասնել քննչական գործողությունները։
Միաժամանակ նրա հայրը՝ Կարեն Կարապետյանը, լրագրողներին հայտնել է, որ Նարեկ Կարապետյանի բնակարանից առգրավվել են երեխաների համակարգիչները։
Խուզարկությունների մասին
Նոյեմբերի 4-ի առավոտյան իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և նրա եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի բնակարաններում, ինչպես նաև ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ
ՔԿ-ն հրապարակված պարզաբանման մեջ չի մանրամասնել տվյալ քրեական վարույթի էությունը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ քննչական գործողությունները, հնարավոր է, կապված լինեն Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) գործունեության հետ։ Այս տեղեկությունը ՔԿ-ի հրապարակված հաղորդագրությամբ հաստատված չէ։

