Քանի՞ օրում կարելի է ստանալ կենսաչափական նոր փաստաթուղթը, եթե քաղաքացին արտերկիր չի մեկնելու, պարտադի՞ր է անձնագիր ստանալ. ՆԳՆ-ից պարզաբանում են (ՎԻԴԵՈ)

04.11.2026, 11:32
Որքա՞ն ժամանակում են տրամադրվելու նոր փաստաթղթերը, նախատեսվո՞ւմ են արդյոք սոցիալական արտոնություններ․ ՆԳՆ–ն շարունակում է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին․ ՎԻԴԵՈ
Քանի՞ օրում կարելի է ստանալ կենսաչափական նոր փաստաթուղթը, եթե քաղաքացին արտերկիր չի մեկնելու, պարտադի՞ր է անձնագիր ստանալ. ՆԳՆ-ից պարզաբանում են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արդյո՞ք պարտադիր է նոր անձնագիր ստանալ, եթե քաղաքացին չի պատրաստվում մեկնել արտերկիր, որքա՞ն ժամանակում են տրամադրվելու նոր փաստաթղթերը, և նախատեսվո՞ւմ են արդյոք սոցիալական արտոնություններ։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը պատասխանել է նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի վերաբերյալ քաղաքացիների կողմից հաճախ հնչող հարցերին։

Որքա՞ն արժեն նոր փաստաթղթերը, ինչպե՞ս է որոշվել գինը

«Նոր կենսաչափական անձնագիրն արժե 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտը՝ 5950 դրամ: Այս գները որոշվել են միջազգային բաց մրցույթի արդյունքում. ընտրվել է ամենացածր գին առաջարկած ընկերությունը: Կարևոր է իմանալ, որ պետությունն այդ գումարին ոչ մի դրամ չի ավելացրել, այսինքն՝ քաղաքացին վճարում է փաստաթղթի համար սահմանված ինքնարժեքը», - նշել է Սարգսյանը:

Եթե քաղաքացին արտերկիր չի մեկնելու, պարտադի՞ր է անձնագիր ստանալ

«Ոչ, եթե չեք պատրաստվում ճամփորդել, կարող եք ստանալ միայն նույնականացման քարտ՝ վճարելով 5950 դրամ», - հայտնել է Սարգսյանը:

Քանի՞ օրում կստանաք նոր փաստաթուղթը

«Կենսաչափական տվյալները հանձնելուց հետո՝ 14-րդ աշխատանքային օրում։ HayPass-ը նախապես ձեզ կտեղեկացնի, թե երբ կարող եք ստանալ փաստաթուղթը: Մեր գործընկերների հետ աշխատում ենք նաև արագացված ծառայության ներդրման ուղղությամբ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք փաստաթուղթը ստանալ ավելի կարճ ժամկետում», - ասել է Սարգսյանը` հավելելով, որ այդ հնարավորության գործարկման ժամկետների և պայմանների մասին ևս նախապես կտեղեկացվի:

Սոցիալապես անապահով ընտանիքների համար զեղչեր կամ արտոնություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ

«Այո՛, նախատեսվում են: Կառավարությունը նախատեսում է աջակցության հնարավորություն, որպեսզի սոցիալական որոշ խմբերի համար փաստաթղթերի վճարն ամբողջությամբ կամ մասամբ հոգա պետությունը: Թե ովքեր կարող են օգտվել այդ աջակցությունից և երբ, առաջիկայում լրացուցիչ կտեղեկացնենք», - ասել է Սարգսյանը: 

Նոր կենսաչափական համակարգի մասին

2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործում է կենսաչափական անձնագրերի և ID-քարտերի ձևակերպման նոր համակարգ: Մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, երևանյան «Երևան Մոլ»-ում բացվել է HayPass սպասարկման առաջին կենտրոնը:

Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում: Սկզբնական փուլում նախատեսված է 14 սպասարկման կենտրոնների աշխատանք, այդ թվում՝ երկուսը Երևանում, հետագայում դրանց թիվը հասցնելով 23-ի:

Կենսաչափական անձնագրի արժեքը կազմում է 28 650 դրամ, ID-քարտինը՝ 5 950 դրամ: Փաստաթղթերի տրամադրման ժամկետը 14 աշխատանքային օր է: Ավելի վաղ տրված անձնագրերն ու ID-քարտերը մնում են վավերական մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

 

Կարդացեք նաև․ Ի՞նչ անել, եթե հին անձնագրում վիզա կա, նոր անձնագիր ստանալիս պարտադի՞ր է նույնականացման քարտ ունենալը․ պարզաբանում է ՆԳՆ–ն (ՎԻԴԵՈ)