«Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու»․ Փաշինյանը՝ ավտովթարների մասին
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ճանապարհային երթևեկության անվտանգության և վերջին շրջանում տեղի ունեցած մահվան ելքով վթարների վերաբերյալ հարցին։
«Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, զոհվածների և վիրավորվածների թիվը նվազեցնելը շատ կարևոր է, բայց մյուս կողմից մենք պետք է առերեսվենք նաև մեքենաների թվի աճի հետ», - ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ երթևեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, սակայն հնարավոր չէ ակնկալել, որ կգա մի պահ, երբ ճանապարհատրանսպորտային պատահարներն ամբողջությամբ կվերանան։
«Եթե ակնկալում եք, որ ես ստանձնեմ հանձնառություն, որ ապագայում լինելու է մի կետ, որ այս իրադրությունը չի լինելու, դա իրատեսական չէ»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ ճանապարհային անվտանգության բարձրացման ուղղությամբ գործում է աշխատանքային խումբ, ինչպես նաև ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք զբաղվում են այդ հարցերով, իսկ կառավարությունը միջոցառումներ է իրականացնում՝ սկսած ճանապարհային գծանշումներից։
«Մենք խումբ ունենք նույնիսկ, որը տեղորոշում է ճանապարհների, այսպես կոչված, «սև կետերը», որտեղ վթարներն առավել հաճախ են տեղի ունենում, նաև երթևեկության կազմակերպման փոփոխություններ են լինում․ օրինակ՝ միջպետական նշանակության մայրուղիներում, շատ տեղերում, որտեղ շրջադարձի տեղեր կան, այդ շրջադարձի տեղերը փակվում են, համապատասխան գծանշումներ են արվում և այլն», - ասել է վարչապետը։
Միաժամանակ Փաշինյանը կարևորել է մարդկային գործոնը՝ նշելով, որ վարորդի հոգնածությունը, ղեկին քնելը կամ ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելը կարող են էական ազդեցություն ունենալ վթարների առաջացման վրա։

