Հայաստանում ֆիզիկական արհեստական բանականության զարգացման համար կներդրվի առնվազն 14 մլն դոլար

05.11.2026, 13:57
Հայաստանում առաջիկա 7 տարում նախատեսվում է իրականացնել ֆիզիկական արհեստական բանականության զարգացման ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է ներգրավել առնվազն 14 մլն դոլարի ներդրում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ
Հայաստանում ֆիզիկական արհեստական բանականության զարգացման համար կներդրվի առնվազն 14 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում առաջիկա 7 տարում նախատեսվում է իրականացնել ֆիզիկական արհեստական բանականության զարգացման ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է ներգրավել առնվազն 14 մլն դոլարի ներդրում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ։

Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ներդրումների կեսը կապահովի պետությունը, մյուս կեսը՝ մասնավոր հատվածը։

«Ծրագրի նպատակն է Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում ձևավորել ռոբոտաշինության և արհեստական բանականության հատման ոլորտում միջազգայնորեն մրցունակ գիտահետազոտական և կրթական կարողություններ», - նշել է Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ծրագիրն իրականացվելու է նշված երեք բուհերի և Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) հիմնադրած «Բա-ԳԻՆ գիտությունների և արհեստական բանականության կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ։

Անդրեասյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ձևավորել բուհերում մշտական գիտական միջուկ՝ ներգրավելով առնվազն 3 երկարաժամկետ ավագ գիտնականի, ավելի քան 12 հետդոկտորական հետազոտողի և ավելի քան 60 կարճաժամկետ հրավիրյալ գիտնականի։ Միաժամանակ կաշխատեն 15 հետազոտողից բաղկացած թիմեր։

Նախագծով նախատեսվում է նաև վերազինել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի խելացի համակարգերի և առաջադեմ կառավարման լաբորատորիան՝ այն վերածելով ֆիզիկական արհեստական բանականության հետազոտական լաբորատորիայի։ Կձևավորվի նաև երկրորդ լաբորատորիան։

Նախարարի խոսքով` ծրագրի առաջին տարում պետությունը կհատկացնի 168,4 մլն դրամ, որը հիմնականում կուղղվի գիտնականների վարձատրության բազային մասին։ Մասնավոր ֆինանսավորումը կլրացնի այդ գումարը։

Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում 7 տարում

Յոթամյա ծրագրի արդյունքում ակնկալվում է ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում պատրաստել շուրջ 330 շրջանավարտ՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի մակարդակներում։

Բացի այդ, նախատեսվում է բարձր վարկանիշ ունեցող միջազգային պարբերականներում և գիտաժողովներում ունենալ ավելի քան 20 հրապարակում, 2 գյուտի արտոնագիր, ներկայացնել 10 և ավելի միջազգային դրամաշնորհային հայտ՝ ապահովելով առնվազն 2 խոշոր դրամաշնորհ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ստեղծել առնվազն 5 ստարտափ կամ սպինոֆ ընկերություն, ինչպես նաև կազմակերպել միջազգային գիտաժողովներ և աշխատաժողովներ։

«Դրանով նաև կնպաստենք գիտություն-արտադրություն-տնտեսություն կապի զարգացմանը և, ըստ էության, գիտելիքի առևտրայնացմանը», - նշել է նախարարը` հավելելով, որ սա մասնավոր հատվածի հետ նման համագործակցությունը պետության համար առաջին փորձն է։