Հայաստանի համար բեկումնային պահ է․ նախատեսված են շուրջ 4 մլրդ ծավալով ներդրումներ․ Visa CISSEE-ի փոխնախագահ

08.04.2026, 17:51
Այդ գումարն օգտագործվելու է ԱԲ-ի շուրջ աշխատող համակարգը ձևավորելու համար, ասել է Visa CISSEE-ի  փոխնախագահ Օլեկսանդր Յաբլունիվսկին
Հայաստանի համար բեկումնային պահ է․ նախատեսված  են շուրջ 4 մլրդ ծավալով ներդրումներ․ Visa CISSEE-ի  փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այս պահին Հայաստանի համար իսկապես բեկումնային պահ է այն առումով, որ ահռելի ներդրումներ կան նախատեսված ՝ շուրջ 4 մլրդ-ի չափով։

Այս մասին հայտարարել է Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ Օլեկսանդր Յաբլունիվսկին Doing Digital 2026 (DDF) ֆորումի ժամանակ։

Նա հայտնեց, որ այդ գումարն օգտագործվելու է ԱԲ-ի շուրջ աշխատող համակարգը ձևավորելու համար։

«Իրապես Հայաստանի լիդերներն ունեն շանս՝ դառնալու նաև գլոբալ լիդերներ այս ոլորտում», - ասաց  Յաբլունիվսկին։

Նա հայտնեց, որ շատ կարևոր է հարցին մոտենալ հետևյալ տրամաբանությամբ․ . ինչպե՞ս է երկիրն իրացնելու այս հնարավորությունը՝ պաշտպանելու՞ է եղած համակարգը, թե՞ լինելու է բաց և պատրաստ՝ նոր փորձարկումների համար։

Visa CISSEE-ի փոխնախագահի խոսքով՝ խնդիրը պահանջում է մտածելակերպի փոփոխություն՝ ընտրություն կատարելով հինը պաշտպանելու և նորը ստեղծելու միջև։

Այսօր Երևանում մեկնարկել է Թվային տնտեսության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար միջոցառումը՝ Doing Digital 2026 (DDF) ֆորումը։

Doing Digital Forum-ը յուրաքանչյուր տարի իր օրակարգում ընդգրկում է տվյալ ժամանակահատվածի ամենակարևոր տեխնոլոգիական զարգացումները, նորարարություններն ու տնտեսական միտումները՝ ներկայացնելով դրանք իր լսարանին և ձևավորելով ապագային միտված քննարկումների միջավայր։ 2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ֆորումի մեդիագործընկերն է։