Կապիտալի շուկաների գլխավոր խնդիրը սովորական պաշտպանական գործիքների չգործելն է. հայ փորձագետ

06.04.2026, 16:38
Կապիտալի շուկայի համար ներկայիս գլխավոր խնդիրն այն է, որ պաշտպանական սովորական գործիքներն այլևս չեն գործում այնպես, ինչպես նախկինում, կարծում է Sirius Capital ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանը
Կապիտալի շուկաների գլխավոր խնդիրը սովորական պաշտպանական  գործիքների չգործելն է. հայ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Կապիտալի շուկայի համար գլխավոր խնդիրն այժմ այն է, որ սովորական պաշտպանական գործիքները չեն գործում ինչպես նախկինում. պարտատոմսերն ընկնում են բաժնետոմսերի հետ միասին, ոսկին գրանցեց վատթարագույն ամիսը 2008 թվականից ի վեր, դոլարը կառուցվածքային ճնշման տակ է։ Այս մասին հայտնել է «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանը։

«Այս չորս ռիսկերն առանձին սպառնալիքներ չեն, դա մեկ շղթա է. աշխարհաքաղաքականություն → էներգետիկ շոկ → գնաճ → տոկոսադրույքների վերանայում → հեռացում ռիսկից: Դիվերսիֆիկացիան այժմ պակաս արդյունավետ է, քան սովորաբար, և դա ինքնին գլխավոր ռիսկն է»,-ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Քանի որ S&P 500-ը առաջին եռամսյակն ավարտեց 2022 թվականից ի վեր իր վատթարագույն անկմամբ, Ղազարյանն ասել է, որ ֆոնդային շուկայում կառուցվածքային փոփոխություններն ակնհայտորեն ուրվագծվել էին դեռ նախորդ տարի։

Մասնավորապես նա նշել է, որ համաշխարհային տնտեսության կենտրոնացումը գլոբալացումից անցել է դեպի տարածաշրջանայնացում և պրոտեկցիոնիզմ: 

«Կարևոր է դարձել էներգետիկ անվտանգության և երկրի ներսում ռեսուրսային բազայի բավարարվածության ապահովումը: Սա նշանակում է ավելի բարձր ծախսեր»,- ասել է Ղազարյանը։

Ավելին, նա նշել է, որ ԱՄՆ-ի «բացառիկության» հավելավճարը նվազում է:

«Տարիներ շարունակ ամերիկյան ակտիվները վաճառվում էին հավելավճարով, քանի որ ԱՄՆ տնտեսության աճը կայուն կերպով ավելի բարձր էր, տեխնոլոգիական ընկերությունների շահույթներն աճում էին անհավանական տեմպերով, իսկ դոլարի գերիշխանությունը կասկածի տակ չէր դրվում: Այժմ բոլոր երեք հիմնասյուները կասկածի տակ են: Դոլարի՝ որպես «ապահով հանգրվանի» կարգավիճակն այլևս չի ընդունվում որպես իրողություն»,-պարզաբանել է նա։

Երրորդ հերթին, ինչպես նշել է փորձագետը, մենք հեռացել ենք զրոյականին մոտ տոկոսադրույքի դարաշրջանից, որը ուռճացնում էր ակտիվների բոլոր դասերը: 

«Կենտրոնական բանկերը տոկոսադրույքների նվազեցման քիչ տեղ ունեն, իսկ բյուջետային դեֆիցիտները մնում են զգալի»,-ասել է նա։

Վերջապես, ըստ Ղազարյանի, շուկան փորձում է գնահատել արհեստական բանականության (ԱԲ) զարգացման հետևանքները. ազդեցությունն աշխատաշուկայի վրա, ընկերությունների արդյունավետության վրա, ծրագրային ապահովման ընկերությունների գոյության վրա:

«ԱԲ-ի հետ կապված ընկերությունների բաժնետոմսերը «դատարկ աղմուկից» անցնում են հաշվետվողականության. շուկան ԱԲ-ի պոտենցիալի գնահատումից անցել է ներդրումների վերադարձի ապացույցների պահանջին»,-ասել է նա։

Այս տարվա մարտ ամսվա մասին խոսելիս, Ղազարյանը նշել է, որ Իրանի հետ պատերազմը բացահայտեց, թե որքան խոցելի է Հորմուզի նեղուցի «խեղդման կետը», որքան արագ կարող են խաթարվել էներգետիկ մատակարարման շղթաները և որքանով են խոշոր տերությունները պատրաստ էսկալացիայի:

«Տվյալ դեպքում անհնար է առանձնացնել շուկայի էմոցիոնալ արձագանքը ռացիոնալից: Շուկան տատանվող է քաղաքական գործիչների շատ հակասական հայտարարությունների պատճառով: Թե երբ և ինչով կավարտվի հակամարտությունն՝ անհասկանալի է»,-ընդգծել է նա։

Փորձագետը կարծում է, որ շուկան մեծ հավանականությամբ հետընթաց կգրանցի: 

«Մենք աճ ենք նկատում յուրաքանչյուր լրատվական առիթի դեպքում, որը դեէսկալացիայի հույս է տալիս: Սակայն նա հավելել է, որ քանի որ բանավոր միջամտությունները չեն հանգեցնում հակամարտության իրական լուծմանը, «առաջին նշանները» բավարար չեն լինի էական վերականգնման համար։

«Բացի այդ, շուկայի վրա կշարունակեն ճնշել կառուցվածքային փոփոխությունները, որոնք ոչ մի տեղ չեն անհետանում օրակարգից»,-եզրափակել է նա։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարելի է գտնել այս հղումով։