Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ վիրավորները 11-րդ դասարանի աշակերտներ են
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և Ոստիկանության օպերատիվ խմբեր։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է: Այս պահին միկրոավտոբուսի վարորդն ու բոլոր ուղևորները մարզային բժշկական կենտրոնում անցնում են անհրաժեշտ հետազոտություններ: Նախնական գնահատականով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ վիրավորները Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ են և նրանց մի քանի ծնողներ։

