Առաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. Միրզոյան

10.11.2026, 14:34
Հայաստանն առաջիկա ամիսներին ռեզիդենտ դեսպանություն կբացի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում
Առաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն առաջիկա ամիսներին ռեզիդենտ դեսպանություն կբացի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։

Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Տալլինում Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

Նոյեմբերի 9-ին միջոցառմանը Միրզոյանը մասնակցել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով` որպես պատվավոր հյուր։

«Այս տարվա ապրիլին Էստոնիան Երևանում բացեց իր ռեզիդենտ դեսպանությունը, որոշում, որը մենք ողջունեցինք որպես մեր երկկողմ հարաբերությունների նկատմամբ հանձնառության իրական դրսևորում։ Այդ առիթով ես և Մարգուսը ստորագրեցինք հուշագիր, որը նշանավորեց մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության նոր փուլ։

Եվ այսօր՝ այս առանձնահատուկ առիթով, մեծ ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ առաջիկա ամիսներին Հայաստանն իր հերթին ռեզիդենտ դեսպանություն կբացի այստեղ՝ Տալլինում։ Սա ևս մեկ կարևոր հանգրվան կլինի մեր երկրների միջև շարունակաբար ամրապնդվող գործընկերության ճանապարհին», - նշել է Միրզոյանն իր ելույթում։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, իսկ այժմ երկու երկրների գործընկերությունը թևակոխել է նոր և առավել հավակնոտ փուլ։

Միջոցառման շրջանակում Ցահքնան Միրզոյանին շնորհել է Էստոնիայի ԱԳ նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշանը։

Իր հերթին Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Պատվո առաջին աստիճանի մեդալ է շնորհել էստոնացի գործընկերոջը՝ երկու երկրների միջև ամուր և փոխվստահության վրա հիմնված գործընկերության կառուցման գործում նրա անձնական ներդրման համար։