Հայաստանում հարցվածների 59.9%-ը կողմ է, որ երկիրն ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ․ GALLUP
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե դեպի ո՞ր երկիր պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտորը։
Ըստ GALLUP International Association-ի՝ Հայաստանում հարցվածների գրեթե 59,9%-ը նշել է, որ Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ։
Ինչպես հայտնել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հարցվածների 17,6%-ը նշել է, որ Հայաստանն իր ինտեգրման վեկտորը պետք է ուղղի դեպի Ռուսաստան, 12,4%-ը՝ դեպի ԵՄ, իսկ 5,1%-ը՝ դեպի ԱՄՆ։
Բացի այդ, ըստ Նավասարդյանի, հարցվածների 3,3 %-ը նշել է դեպի այլ երկրներ, իսկ 5,2%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։
Ապրիլի 27-29 Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1101 քաղաքացի:

