Փաշինյանը՝ դեպի ԵՄ ուղղության, «երկու աթոռների» և եվրոպական շուկայում հայկական արտադրանքի մասին

24.09.2026, 11:47
Այն հարցին, թե մտավախություն չունի արդյոք վարչապետը, որ եվրոպացիները կարող են խաբել, Փաշինյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ պետք է խաբեն»
Փաշինյանը՝ դեպի ԵՄ ուղղության, «երկու աթոռների» և եվրոպական շուկայում հայկական արտադրանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հավասարակշռված արտաքին քաղաքականությունը շարունակելու մտադրության մասին՝ պատասխանելով Եվրոպական միության հետ երկրի հետագա մերձեցման մասին «Ռոսիա» հեռուստաալիքի հարցին:

Հայաստանը կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը

«Մենք ծրագրում ենք շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ինչպես որ ասում էինք»,- ասել է Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում:

Պատասխանելով այն հարցին, թե կհաջողվի՞ արդյոք Հայաստանին «երկու աթոռի վրա նստել», վարչապետը հայտարարել է. «Ինչո՞ւ երկու աթոռի վրա: Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա, այնպես որ երկուսի կարիքը չունենք»:

Փաշինյանը մտավախություն չունի, որ ԵՄ-ն չի կատարի խոստումները

Լրագրողը Փաշինյանին հարցրել է նաև եվրոպական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների դուրսբերման հեռանկարների մասին՝ նշելով, որ եվրոպական կողմը հայտարարում էր հայկական արտադրանքի 99%-ի, այդ թվում՝ մրգերի և բանջարեղենի համար ԵՄ շուկա մուտքի հնարավորության մասին:

Այն հարցին, թե մտավախություն չունի արդյոք վարչապետը, որ եվրոպացիները կարող են խաբել, Փաշինյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ պետք է խաբեն»:

«Մեր բոլոր գործընկերների հետ փորձում ենք լինել ազնիվ, բաց և հույս ունենք փոխադարձության»,- ավելացրել է նա:

Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև

Հայաստանի իշխանություններն առաջ են մղում Եվրամիության հետ մերձեցման և եվրոպական չափանիշներին անցնելու կուրս, միևնույն ժամանակ հայտարարում են ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու մտադրության մասին այնքան ժամանակ, քանի դեռ երկու ինտեգրացիոն ուղղություններին մասնակցությունը համատեղելի կլինի:

Մոսկվան բազմիցս զգուշացրել է ԵՄ չափանիշներին Հայաստանի անցման հնարավոր տնտեսական հետևանքների մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի կրճատել Հայաստանի հետ ինտեգրացիոն տնտեսական համագործակցությունը: Նրա գնահատմամբ՝ հանրապետությունը կարող է կորցնել ՀՆԱ-ի մինչև 14%-ը ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո էներգակիրների գների աճի դեպքում:

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին հայտարարել է, որ գազի մատակարարումներն այս պահին ապահովված են, գործընկերների հետ շփումները շարունակվում են, իսկ հնարավոր ռիսկերը մնում են կառավարելի երկրի տնտեսության համար: