Նոր կենսաչափական անձնագրեր Հայաստանում՝ նոյեմբերի 1-ից․ գներ, դիմելու կարգ և կարևոր փոփոխություններ (ՈՒՂԵՑՈՒՅՑ)
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 1-ից Հայաստանում կմեկնարկի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի (ID քարտ) տրամադրման գործընթացը։
Նոր համակարգի գործարկմամբ կփոխվեն փաստաթղթերի ստացման կարգը, սպասարկման վայրերը և ծառայությունների արժեքը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը պարզաբանում է, թե ինչ է փոխվելու նոյեմբերի 1-ից, որքան կարժենան նոր փաստաթղթերը, որտեղ և ինչպես կարելի է դրանք ստանալ, և ինչ է լինելու արդեն գործող անձնագրերի հետ։
Ի՞նչ է կենսաչափական անձնագիրը և ինչո՞վ է տարբերվում գործողից
Կենսաչափական անձնագիրը նոր սերնդի փաստաթուղթ է, որը հագեցած է էլեկտրոնային չիպով։ Այն նախատեսված է սահմանային անցակետերում անձի թվային նույնականացման համար։ Չիպը փոխճանաչելի կլինի ամբողջ աշխարհում։
Ըստ ՆԳՆ-ի՝ ներկայում գործող առանց էլեկտրոնային կրիչի կամ հին նմուշի կրիչով անձնագրերը եվրոպացի սահմանապահները ստիպված են լինում թերթել և ձեռքով ուսումնասիրել, ինչի հետևանքով կեղծիքի հավանականությունը համեմատաբար մեծ է։
Ինչպես նշում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, նոր կենսաչափական անձնագրերի դեպքում սահմանային նույնականացումը կտևի ընդամենը վայրկյաններ, իսկ փաստաթղթերի կեղծման հնարավորությունը կհասցվի մոտ զրոյի։
Պարտադի՞ր է արդյոք փոխել գործող անձնագիրը
Նոր համակարգի գործարկումը չի նշանակում, որ արդեն տրամադրված վավեր անձնագրերն ու նույնականացման քարտերը նոյեմբերի 1-ից ինքնաբերաբար անվավեր են դառնալու։
Դրանք պահպանում են իրենց իրավական ուժը մինչև դրանցում նշված վավերականության ժամկետի ավարտը, և անհապաղ փոխարինելու պարտադրանք չկա։ Նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու դեպքում միայն հին փաստաթուղթը ճանաչվում է անվավեր։
Որքան կարժենան նոր անձնագրերն ու ID քարտերը
Նոր կենսաչափական նույնականացման քարտի արժեքը լինելու է 5 950 դրամ, իսկ անձնագրինը՝ 28 650 դրամ։
Գերատեսչությունը հայտնում է, որ այս արժեքները համեմատելի չեն, օրինակ, հին նմուշի անձնագրի 1000 դրամ պետական տուրքի հետ, իսկ նախկին կենսաչափական անձնագրերի արժեքի հետ համեմատել կարող ենք։
Դրանք արժեին 25 000 դրամ, սակայն կրիչները աշխարհում փոխճանաչելի չէին, փաստաթղթի պաշտպանությունը՝ ցածր։ Այժմ ենթակառուցվածքը սերտիֆիկացվում է եվրոպական բարձրագույն ստանդարտով։
Ինչու փաստաթղթերի պետական տուրքերը չսահմանվեցին կլորացված չափերով՝ 6 000 և 30 000 դրամ։ Պատճառը, ՆԳՆ պարզաբանման համաձայն, այն է, որ սա մասնավորի կողմից առաջարկված ինքնարժեքն է, իսկ պետության կողմից առաջարկված գնին ավելացվել է 0 դրամ։
Որտե՞ղ են տրամադրվելու նոր փաստաթղթերը
Երևանում սպասարկման նոր գրասենյակներ կբացվեն «Երևան Մոլում» և «Մեգամոլում»․ խոսքը քաղաքացիների սպասարկման համար նախատեսված, տեխնիկապես հագեցած, մատչելի և բանուկ հատվածներում գտնվող ընդարձակ գրասենյակների մասին է։
Ծառայությունների մատուցման գրասենյակի տեղակայումը որևէ կերպ չի անդրադառնում քաղաքացու փաստաթղթավորմանը ներկայացվող իրավական պահանջներին։
Մարզերում սպասարկման գրասենյակներ կգործեն Արտաշատում, Եղեգնաձորում, Կապանում, Վաղարշապատում, Աշտարակում, Աբովյանում, Հրազդանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Գավառում և Մարտունիում։
Միգրացիայի և քաղաքացիական ծառայության (ՄՔԾ) տվյալներով՝ 2027 թվականի առաջին եռամսյակում գրասենյակների թիվը նախատեսվում է հասցնել 23-ի։ Միաժամանակ, ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների աշխատանքը նոյեմբերի 1-ից անմիջապես չի դադարեցվի․ դրանց ցանցի օպտիմալացումը կիրականացվի փուլային եղանակով։
Ինչպե՞ս է կազմակերպվելու փաստաթղթերի տրամադրումը
Նոր փաստաթղթերի տրամադրման համակարգում կներգրավվի «Հայփաս» մասնավոր ընկերությունը։ Այն կիրականացնի քաղաքացիների սպասարկումը, կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթերի տպագրությունն ու տրամադրումը։
Միևնույն ժամանակ, պետության բացառիկ լիազորությունները չեն փոխանցվում մասնավոր ընկերությանը։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կշարունակի իրականացնել անձի իրավական կարգավիճակի որոշման, ինքնության հաստատման և Բնակչության պետական ռեգիստրի վարման ու տնօրինման գործառույթները։ Յուրաքանչյուր դիմում կհաստատվի պետության կողմից, որից հետո մասնավոր գործընկերը կիրականացնի իրեն վերապահված տեխնիկական գործառույթները։
Մասնավոր գործընկերն ընտրվել է մրցութային ընթացակարգով։ ՄՔԾ-ի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ մրցույթում հաղթած կոնսորցիումը Հայաստանում հիմնադրել է «Հայփաս» ՓԲԸ-ն։
Նոր համակարգի ներդրմամբ նախատեսվում է նաև կրճատել սպասարկման տևողությունը։ Մասնավորապես, անչափահասի անձնագրավորման գործընթացը ներկայիս 25 րոպեի փոխարեն նախատեսվում է իրականացնել 5 րոպեում։
Ինչպե՞ս նախագրանցվել նոր փաստաթուղթ ստանալու համար
Նոր կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար առցանց նախագրանցման հարթակը նախատեսված է գործարկել հոկտեմբերի 31-ից։ Քաղաքացիները կկարողանան նախագրանցվել խիստ նույնականացմամբ կամ առանց դրա։
Խիստ նույնականացման դեպքում անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն։ Այդ դեպքում քաղաքացուց վայրկյաններ է պահանջվելու, իսկ առանց խիստ նույնականացման որոշակի տվյալներ մուտքագրելու անհրաժեշտություն է առաջանալու։
Նույնականացումից հետո քաղաքացին կուղղորդվի վճարման էջ, այնուհետև կկարողանա ընտրել իրեն հարմար սպասարկման գրասենյակ, օր և ժամ։
Նախագրանցումը հասանելի կլինի «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքում։
Ինչո՞ւ է ներդրվում նոր համակարգը
Նոր կենսաչափական համակարգի ներդրման նպատակն է բարձրացնել անձի նույնականացման հուսալիությունը, ամրապնդել ինքնության պաշտպանությունը և նվազեցնել փաստաթղթերի կեղծման ռիսկերը։
Համակարգի ներդրումը նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումներից է։

