ԱԺ–ն վավերացրեց ԱՄՆ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԱԺ–ն հոկտեմբերի 28-ի նիստում վավերացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճան» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը:
Նախագիծն ընդունվել է 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Ինչպես հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, համաձայնագրով կողմերը հանձնառություն են ստանձնում ամրապնդել խաղաղությունը, բացել տարածաշրջանային ենթակառուցվածքները և իրականացնել TRIPP նախագիծը։
Նախարարի խոսքով՝ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կվերագործվեն կամ կկառուցվեն նախագծի շրջանակում, կգործեն հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքներին համապատասխան։
Միրզոյանը նշել է, որ նախագծերի իրականացման արդյունքում Հայաստանը հնարավորություն կունենա Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով կապ հաստատել երրորդ երկրների հետ։
Բացի այդ, հաշվի առնելով երրորդ երկրների միջև կապերը՝ Հայաստանը կարող է կարևոր հանգույց դառնալ այդ երկրների միջև իրականացվող տրանսպորտային փոխադրումների համար։
Միրզոյանի խոսքով՝ նախագծերը նաև հնարավորություն կտան Հայաստանին Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով կապ հաստատել իր ներպետական ենթակառուցվածքների, այդ թվում՝ երկաթուղային ցանցի հետ։
Հոկտեմբերի 22-ին Հայաստանը հայտարարել է TRIPP նախագծի իրագործման գործնական փուլի մեկնարկի մասին։ Սյունիքի մարզ էր ուղարկվել աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ՝ նախագծային աշխատանքների մեկնարկին նախապատրաստվելու համար. տվյալ փուլում խոսքը երկաթուղային, ավտոմոբիլային և էներգետիկ ենթակառուցվածքների մասին է։
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար։
Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են TRIPP-ի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը։
Նախագծով նախատեսվում է երկաթուղային, ավտոճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացում։ Համաձայն շրջանակային համաձայնագրի՝ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունն ու իրավասությունը իր տարածքում գտնվող նախագծի ենթակառուցվածքների նկատմամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ AECOM միջազգային ինժեներական-խորհրդատվական ընկերության մասնագետներն իրականացրել են TRIPP-ի իրականացման տարածքի հետազոտություն՝ երկաթուղու և այլ ենթակառուցվածքային օբյեկտների նախագծման համար։
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղաբաշխման տեխնիկական հարցերը, ինչպես նաև աշխատանքների հետագա համակարգումը։

