Ավինյանը հայտնել է Երևանի քաղաքապետարանի AI երկվորյակ ստեղծելու ծրագրերի մասին
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է էականորեն ավելացնել արհեստական բանականության (ԱԲ) համար նախատեսված հաջորդ տարվա բյուջեն և ստեղծել քաղաքապետարանի՝ արհեստական բանականությամբ երկվորյակ, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ունենալու ենք մեր բոլոր վարչությունների, վարչական շրջանների երկվորյակ «ագենտը»՝ ԱԲ կրկնօրինակը, որը սկզբնական փուլում գործարկվելու է որպես խորհրդատվական մարմին։ Հետագայում նաև արդեն շատ ու շատ հիմնական ամենօրյա թղթաբանություն դառնալու է ավտոմատացված՝ օգտագործելով այդ համակարգերը», - ասել է Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետը նշել է, որ առաջիկայում կանցկացվեն ներքին քննարկումներ և համապատասխան վերապատրաստումներ՝ կարևորելով նաև կիբերանվտանգության հատվածը։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանն արդեն ունի տեխնոլոգիաների կենտրոնում աշխատող թիմ, սակայն կարևոր է նաև ժամանակին համընթաց գնալը։
«Այն խնդիրները, որոնք Երևանի քաղաքապետարանը դժվար է լուծում, մենք այդ խնդիրների լուծման համար պետք է ապավինենք ԱԲ գործիքներին։ Շատ բաներ արդեն հաջորդ տարվա ընթացքում պետք է ավտոմատացված լինեն», - նշել է Ավինյանը։
Քաղաքապետը հավելել է, որ տեխնոլոգիական լուծումների կիրառումը կարող է օգնել լուծել տարիներով արմատացած խնդիրները՝ ընդգծելով, որ այդ քայլը բխում է երևանցիների շահերից։

