Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 90 խեցգետնաորսիչ (ՖՈՏՈ)

26.10.2026, 16:23
Սևանի տեղամասի ծառայողները Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 90 հատ խեցգետնաորսիչ, իսկ 18 խեցգետին հնարավոր է եղել բաց թողնել լիճ. ՖՈՏՈ
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 90 խեցգետնաորսիչ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի տեղամասի ծառայողները Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 90 հատ խեցգետնաորսիչ, իսկ 18 խեցգետին հնարավոր է եղել բաց թողնել լիճ:

Էկոպարեկային ծառայությունից հայտնում են, որ կազմվել է օրենսդրության խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

«Հարկ է նշել, որ Կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N120-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Սույն որոշմամբ 2026 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, - նշված է հաղորդագրության մեջ։

Էկոպարեկային ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել օրենքով սահմանված նորմերը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվություն: