Կամերային համերգներից մինչև մանկական ներկայացումներ․ Օպերային թատրոնում նոր համերգասրահ կգործի
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ստեղծվում է մշակութային նոր հարթակ. նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Այս իրադարձությանն ընդառաջ Օպերային թատրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ԿԳՄՍ փոխնախարար Տիգրան Վիրաբյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը ներկայացրել են նոր համերգասրահի ստեղծման նախաձեռնությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։
Փոխնախարարն ընդգծել է, որ նախկին «Օպերա ակումբի» 1050 մ² տարածքը վերադարձվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, և այդ տարածքում գործելու է համերգային հարթակ՝ բացառապես ստեղծագործական նպատակների իրականացման համար։
Նորաբաց համերգասրահը նախատեսված է կամերային համերգների, մանկական օպերային և բալետային ներկայացումների, ինչպես նաև մշակութային բազմաբնույթ միջոցառումների համար՝ դառնալով արվեստի և հանդիսատեսի հանդիպման նոր հարթակ։
«Օպերային թատրոնն իր շենքում այլևս չունի այնպիսի հարմարավետ տարածք, որը չի օգտագործվում ստեղծագործական լուրջ նախագծերի համար։ Ամռանն Օպերայի տանիքում տեղի ունեցող համերգները մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար լավագույն ժամանցի վայրերից են: Օպերայի հիմնական բեմը հետխորհրդային ողջ ժամանակաշրջանում այսօր ամենախիտ ծանրաբեռնվածությունն ունի», - նշել է Վիրաբյանը:
Նա վստահություն է հայտնել, որ այս նոր տարածքն էլ կդառնա շատ հետաքրքիր, այլընտրանքային մշակութային տարածք՝ ընդգծելով, որ օպերային թատրոնն իր ամբողջ ծավալով, ներուժով ու ծրագրերով շարունակում է լինել Երևանի մշակութային կյանքի ամենաբաբախող հատվածներից մեկը:
«Այստեղ ելույթ կունենան նաև երիտասարդ ստեղծագործողները, և շատ կարևոր է, որպեսզի մեր ինքնազբաղ արտիստները ևս հնարավորություն ունենան օգտվելու այս հարթակից։ Վստահ եմ, որ նորաբաց այս տարածքն ամենագործող և հանդիսատեսով լեցուն տարածքներից մեկը կլինի երևանյան մշակութային կյանքում», - ասել է Վիրաբյանը։
Դուրգարյանն էլ նշել է, որ տարածքը պետք է դառնա համերգասրահ, ինչպես նաև մանուկների համար թատերաբեմ:
«Պատրաստվում ենք փոքրիկ հանդիսատեսի համար բալետային և օպերային ներկայացումներ խաղալ, որպեսզի կարողանանք երեխաներին ներկայացնել հետաքրքիր բեմադրություններ, սովորեցնել թատրոն հաճախելու գործընթացը՝ տոմս գնելուց մինչև ներկայացում», - հայտնել է նա։
Տնօրենի խոսքով՝ այս միջոցառումների շարքը կնպաստի նոր սերնդի գեղագիտական դաստիարակությանը և, ընդհանրապես, թատերական կյանքի ապահովմանն ու շարունակական զարգացմանը:
Նա նշել է, որ տարածքի վերանորոգումները դեռ շարունակվում են, և այդ ընթացքում տեղի կունենան համերգներ և ներկայացումներ: Փետրվարին արդեն կլինի լիարժեք նոր աթոռներով հագեցած համերգասրահ՝ գեղեցիկ լուծումներով։
Համերգասրահի խորհրդանշական բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը։ Դաշնակահար Հայկ Մելիքյանը կկատարի Ա. Սպենդիարյանի և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

