Հայ Առաքելական Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող հանձնաժողովը հաստատել է աշխատակարգը
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ Առաքելական Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հոկտեմբերի 26-ին հրավիրած նիստում հաստատել է աշխատակարգը։
Խորհրդարանական նախագծի ձևակերպման համաձայն՝ հանձնաժողովը ստեղծվել է «ուսումնասիրելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրները»։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ներկայացրել է աշխատակարգի հիմնական դրույթները՝ նշելով, որ այն մշակվել է Ազգային ժողովի խորհրդի օրինակելի աշխատակարգի հիման վրա՝ հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության առանձնահատկությունները։
«Աշխատակարգը սահմանում է, որ հանձնաժողովի նիստերը հրապարակային են, եթե հանձնաժողովը որոշում չի կայացնում դրանք անցկացնել փակ»,- նշել է Եղոյանը։
Նրա խոսքով՝ փակ նիստ անցկացնելու որոշումը պետք է ընդունվի առանձին՝ տվյալ նիստի սկզբում։ Փակ նիստ անցկացնելու առաջարկով կարող է հանդես գալ հանձնաժողովի ցանկացած անդամ։
«Փակ նիստերը տեսաձայնագրվում են, սակայն տեսաձայնագրությունը հրապարակման ենթակա չէ հանձնաժողովի գործունեության ընթացքում։ Հիշեցնեմ, որ հանձնաժողովի գործունեության մաքսիմալ ժամկետը 1 և կես տարին է՝ 6 ամիս 2 անգամ երկարաձգելու հնարավորությամբ»,– նշել է պատգամավորը։
Նա նաև հայտնել է, որ փակ նիստերը տեսաձայնագրվելու են, սակայն տեսաձայնագրությունները չեն հրապարակվի հանձնաժողովի գործունեության ընթացքում։ Գործունեության ավարտից հետո դրանք կարխիվացվեն և կարող են հրապարակվել արխիվային նյութերի հրապարակման վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին համապատասխան։
Եղոյանի խոսքով՝ փակ նիստերի ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները, հնչած կարծիքներն ու գնահատականները կարող են ներառվել հանձնաժողովի զեկույցում, որը կհրապարակվի գործունեության ավարտին։
Աշխատակարգով նախատեսված են հերթական և արտահերթ նիստեր։ Արտահերթ նիստ կարող է հրավիրել հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը։ Հերթական նիստ հրավիրելու առաջարկով կարող է հանդես գալ հանձնաժողովի ցանկացած անդամ՝ ներկայացնելով նիստի օրակարգն ու անցկացման ժամկետը։
Հանձնաժողովը կարող է հրավիրել պետական պաշտոնյաների, մասնագետների, փորձագետների և այլ անձանց՝ հանձնաժողովի իրավասության ոլորտներին վերաբերող տեղեկություններ, տեսակետներ, կարծիքներ ու առաջարկներ ներկայացնելու համար։

