ChatGPT Edu-ն հասանելի կլինի Հայաստանի պետական դպրոցներում. ինչպե՞ս օգտվել հարթակից

18.09.2026, 21:19
Հարթակը, որպես միասնական կրթական գործիքակազմ, հասանելի է բոլոր պետական դպրոցներին
ChatGPT Edu-ն հասանելի կլինի Հայաստանի պետական դպրոցներում. ինչպե՞ս օգտվել հարթակից
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Այն հասանալի կլինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի համագործակցության արդյունքում։

Հարթակին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am հարթակի անձնական օգտահաշիվ, այնուհետև սեղմել OpenAi սեղմակը՝ անմիջապես հայտնվելով դպրոցին տրամադրված ChatGPT օգտահաշվում:

ChatGPT Edu հարթակի պատշաճ օգտագործման և կիրառման նպատակով մշակվել են ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների, տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և ուսուցիչների համար։

Հարթակը, որպես միասնական կրթական գործիքակազմ, հասանելի է բոլոր պետական դպրոցներին։

Ուղեցույցները երաշխավորված են Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից։

Ուսուցման գործընթացում ԱԲ նոր գործիքի կիրառումը նպատակ ունի բարելավել կրթության որակը՝ նպաստելով սովորողների կիրառական հմտությունների ձևավորմանը։

ChatGPT-ն 18 տարեկանից ցածր օգտատերերի համար կաշխատի ավելի խիստ կանոններով, քան մեծահասակների համար. համակարգը պետք է ավելի զգույշ պատասխանի արտաքին տեսքի, սննդի և վտանգավոր մարտահրավերների վերաբերյալ հարցերին, հրաժարվի ռոմանտիկ դերային սցենարներից և ավելի ակտիվորեն ուղղորդի դեռահասներին աջակցություն ստանալ իրական մարդկանցից։

Այս պահանջներն ամրագրված են Model Spec-ի գործող տարբերակում՝ OpenAI-ի փաստաթղթում, որը սահմանում է ընկերության մոդելների վարքագծի կանոններն ու սկզբունքները։

Օգոստոսի 18-ին OpenAI-ն միաժամանակ հայտարարեց ChatGPT for Teens-ի թողարկման մասին. դա ChatGPT-ի առանձին ռեժիմ է 13-ից 17 տարեկան օգտատերերի համար՝ անվտանգության խստացված սահմանափակումներով։

Եթե օգտատերը հայտնում է, որ ինքը 13–17 տարեկան է, կամ համակարգը նրան որակում է որպես անչափահաս, նա ավտոմատ կերպով փոխանցվում է դեռահասների ռեժիմի։