Երևանի մետրոյի կայարաններից մեկում երկու անցակետ փակվել է, հնարավոր են հերթեր
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի հետևանքով հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր։
Ինչպես հայտնում են Երևանի մետրոպոլիտենից, սահմանափակումը պայմանավորված է կայարանում ընթացող շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներով։
Մասնավորապես, երկու անցակետը ժամանակավորապես փակվել է երրորդ շարժասանդուղքի ապամոնտաժման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու և ավարտելու նպատակով։
Մետրոպոլիտենից զգուշացնում են, որ գործող անցակետերում հնարավոր են հերթեր և ուղևորների կուտակումներ։
«Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման ու համբերատարության համար», – ասվում է հաղորդագրությունում։

