«Հայաստանը պատրաստ է քննարկել ռուսական ռազմաբազայի հարցը, եթե Ռուսաստանն առաջարկի». Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայության նպատակահարմարության հարցը վաղուց է քննարկվում քաղաքական դաշտում, սակայն այդ կապակցությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև քննարկումներ դեռևս չեն անցկացվել:
«Ռազմաբազայի մասին, այո՛, ես լսել եմ դժգոհություններ՝ նախկինում էլ, նաև Գյումրիի հետ կապված։ Չթվարկե՛մ դեպքերը. ողբերգություն է եղել, դե, բան է եղել հիմա, բայց լսել եմ դժգոհություն», - նշել է Միրզոյանը հինգշաբթի կայացած ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում քննարկվում է ռազմաբազայի առկայության նպատակահարմարությունը, այդ թվում՝ ֆինանսական տեսանկյունից:
Նախարարը նաև հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որն ավելի վաղ հնարավոր էր համարել Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը, եթե հայկական կողմը դրա առկայությունն ավելորդ համարի:
Միրզոյանը նշել է, որ դրանից հետո տվյալ հարցով քննարկումներ չեն անցկացվել:
«Եթե ուզում են քննարկել՝ քննարկենք, կտեսնենք. հլը չգիտենք։ Մենք չենք քննարկել, որ ասեմ», - ասել է նախարարը:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին
Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրիում 1995 թ.-ից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական պայմանագրի հիման վրա։ Բազան մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ Միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակում և հանդիսանում է Անդրկովկասում միակ ռուսական ռազմական բազան։
2010 թ.-ին կողմերը երկարաձգել են պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044 թ.-ը՝ հաջորդող հնգամյա ժամանակահատվածներում ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ։ Բազան հագեցած է, մասնավորապես, C-300 համալիրներով. անձնակազմի թիվը կազմում է մոտ 5 հազար մարդ։

