Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կրիշտիանու Ռոնալդուն հեռանում է Պորտուգալիայի ազգային հավաքականից՝ ազգային թիմի կազմում 23 տարվա ելույթներից հետո։ Այս մասին ֆուտբոլիստը հայտարարել է սոցցանցի իր էջում։
Հայտարարությունը հնչել է ընտրանու գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի՝ Ազգերի լիգայի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումների համար Պորտուգալիայի հավաքականի խաղացողների ցուցակը հրապարակելու նախօրեին․ թիմը նոյեմբերի 14-ին Բրագայում կմրցի Դանիայի, իսկ նոյեմբերի 17-ին Կարդիֆում՝ Ուելսի դեմ։ Այս հանդիպումները կեզրափակեն ելույթները A4 խմբում, որտեղ Պորտուգալիան արդեն իսկ ապահովել է իր տեղը քառորդ եզրափակչում, գրում է Euronews-ը։
Ռոնալդուն նշել է, որ դա հեշտ որոշում չէր։
«Բայց այսօր եկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից։ Ես երբեք այն չեմ ընկալել բացառապես իմը։ 23 տարվա ընթացքում ես ունեցել եմ արտոնություն և պատասխանատվություն կրելու այն, պաշտպանելու այն և տանելու ինձ հետ աշխարհի բոլոր մարզադաշտեր։ Ժամանակն է այն փոխանցել ապագային», - նշել է ֆուտբոլիստը։
41-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի կրկնակի հաղթող։ Պորտուգալացին հավաքականների մակարդակով ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է, եվրոգավաթներում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիրը, Եվրոպայի առաջնությունների և Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն։ Նա ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի, Իսպանիայի Պրիմերայի և Իտալիայի Սերիա A-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ և ռմբարկու։

