Հայաստանի ՔԿՀ-ներում 2026 թ․–ին մահվան 3 դեպք է գրանցվել․ Գալյանը խոսել է պատճառների մասին

03.11.2026, 13:53
ՔԿՀ–ներում 2026 թ․–ին մահվան երեք դեպք է գրանցվել, որոնք, ըստ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, կապված չեն պահման վատ պայմանների հետ
Հայաստանի ՔԿՀ-ներում 2026 թ․–ին մահվան 3 դեպք է գրանցվել․ Գալյանը խոսել է պատճառների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2026 թվականին մահվան երեք դեպք է գրանցվել, որոնք, ըստ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, կապված չեն պահման վատ պայմանների հետ։

Այս մասին Գալյանը հայտարարել է երեքշաբթի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։

Մահվան դեպքերի պատճառները

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՔԿՀ-ներում մահվան դեպքերը կապված են պահման վատ պայմանների հետ, նախարարը պատասխանել է. «Կարծում եմ, որ ոչ»։

Նրա խոսքով՝ մահվան դեպքերի մի մասը պայմանավորված է ինքնասպանություններով, մյուս մասը՝ ազատազրկված անձանց առողջական խնդիրներով։

«Այսինքն՝ նրանք ունեն որոշակի առողջական խնդիրներ, որոնց հետ կապված՝ անձանց կյանքը չի հաջողվում փրկել։ Ընդ որում՝ հաճախ գործ ենք ունենում համակցված հիվանդությունների հետ, և դրանք չեն որակվում որպես կալանքի հետ անհամատեղելի», – նշել է Գալյանը։

Նախարարը հայտնել է, որ Առողջապահության նախարարության հետ բավական մեծ աշխատանք է իրականացվել՝ կառավարության 825-Ն որոշումը վերաձևակերպելու նպատակով։

Ինքնասպանությունների կանխարգելում

Գալյանի խոսքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնավնասման հակում ունեցող անձանց համար առանձնացվել է երկու խուց։

Նա հայտնել է, որ նախատեսվում է այդ խցերը նաև տեսախցիկներով զինել։

Անդրադառնալով մահվան դեպքերի թվին՝ նախարարն ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ ցուցանիշը նվազ է, սակայն դա դրական գնահատականների առիթ չի համարում։

«Երեքը դրական ցուցանիշ է՝ նախորդ բոլոր տարիների հետ համեմատած, բայց ես միշտ վախով եմ խոսում այս մասին, չեմ ուզում ասել՝ լավ է և այլն, որովհետև շատ դժվար է իրականում», – ասել է Գալյանը։