Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիրն առցանց կամ տեղում. ՆԳՆ-ն ուղեցույց է հրապարակել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՆԳՆ-ն տեղեկացրել է, թե ինչպես կարելի է ստանալ անձը հաստատող նոր անձնագրերը և տեսանյութ հրապարակել։
«Անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացի ես, թե օտարերկրացի, «ՀայՓասի» առցանց հարթակում` haypass.am -ում, կարող ես ընտրել քեզ անհրաժեշտ կենսաչափական փաստաթղթի տեսակը և դիմել քեզ հարմար եղանակով՝ ցանկացած պահի, ցանկացած վայրից»,-նշված է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվական տեսանյութում։
Նշվում է, ո դիմումը լրացնելիս անհրաժեշտ է մուտքագրել անհրաժեշտ տվյալները, ընտրել սպասարկման ձեզ հարմար օրն ու ժամը և կատարել վճարումները՝ հայտը հաստատելու համար։
Գերատեսչության տեղեկացմամբ, հնարավոր է նաև դիմել տեղում՝ այցելելով «ՀայՓասի» մասնաճյուղերից որևէ մեկը և օգտվելով ինքնասպասարկման ծառայությունից։
«Ամրագրված օրն այցելիր քո ընտրած սպասարկման կենտրոն, ներկայացրու անձը հաստատող փաստաթուղթ և սպասարկվիր մեկ պատուհանի սկզբունքով՝ լուսանկարվելով, տրամադրելով մատնահետք և ստորագրություն։ Փաստաթղթի պատրաստ լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո այցելիր նույն սպասարկման կենտրոն և ստացիր այն»,-նշված է հաղորդագրության մեջ։

