Հայաստանում հարցվածների շուրջ 55%-ն իրեն լիովին անվտանգ է զգում իր բնակավայրում․ GALLUP
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում հարցվածների 55,1%-ը նշել է, որ իրեն լիովին անվտանգ է զգում իր բնակավայրում՝ գյուղում, քաղաքում կամ թաղամասում։ Այս մասին են վկայում Gallup International Association-ի անցկացրած հարցման արդյունքները։
GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի խոսքով՝ հարցման մասնակիցներին առաջարկվել է գնահատել, թե որքանով են իրենք անվտանգ զգում իրենց բնակավայրում։
«55,1%-ը նշել է՝ «լիովին անվտանգ եմ զգում», 20%-ը՝ «ավելի շուտ անվտանգ եմ զգում», 9%-ը՝ «ավելի շուտ անվտանգ չեմ զգում», իսկ 15,3%-ը՝ «ընդհանրապես անվտանգ չեմ զգում»», – հայտնել է Նավասարդյանը։
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1001 մարդ։

