«Հոկտեմբերի 27-ի ոճրագործության կատարողները պարզված են, պատվիրատուները՝ ոչ»․ Ռուբինյան
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության կատարողները պարզված են, սակայն հանցագործության պատվիրատուները մինչ օրս հայտնի չեն, հայտարարել է ԱԺժ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Այլ հարց է, թե ինչու հոկտեմբերի 27-ի պատվիրատուները չեն բացահայտվել այն ժամանակ, երբ դա ամենահեշտն էր անել՝ անմիջապես այդ ոճրագործությունից հետո», - նշել է Ռուբինյանը ճեպազրույցի ժամանակ։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործն առ այսօր ամբողջությամբ բացահայտված չէ՝ ԱԺ նախագահը տարօրինակ է համարել, որ նման հարցով իրեն են դիմում այն ԶԼՄ-ները, որոնց ինքը կապում է Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։
Միևնույն ժամանակ Ռուբինյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 27-ին ինքը 9 տարեկան է եղել։
«Ես եմ հարցնում՝ ինչու չեն բացահայտել հոկտեմբերի 27-ն անմիջապես այդ հանցագործությունից հետո։ Ասեմ ավելին՝ հնչում են կարծիքներ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքն առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին», - ասել է Ռուբինյանը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել ահաբեկչության քննության հանգամանքների և ժամկետների վրա։
«Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները մինչ այժմ անհայտ են։ Հոկտեմբերի 27-ի կատարողները այն ժամանակվանից ձերբակալված են, ցմահ իրենց պատիժը կրում են։ Նման հանցագործությունների պատվիրատուներին բացահայտելու ամենահեշտ ճանապարհը կամ ամենահեշտ ժամանակը դրան անմիջապես հաջորդող շրջանն է։
1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո 19 տարի իշխանության են եղել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Ե՛վ հոկտեմբերի 27-ի օրն են իրենք իշխանության եղել, և՛ դրան հաջորդող 19 տարիներին։ Եվ եu, այո՛, կիսում եմ այն մարդկանց կարծիքը, որ կասկածներ է հարուցում այն փաստը, որ իրենք 19 տարվա մեջ չեն բացահայտել դա», - ընդգծել է Ռուբինյանը։
Ահաբեկչության մասին
1999թ․–ի հոկտեմբերի 27–ը Հայաստանի նորագույն պատմության ամենասև էջերից մեկն է։
Այդ օրը մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։
Ահաբեկիչների զոհ դարձան ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։
Ահաբեկիչների դատը տևեց 2001-2003թթ.։ Մեղադրող կողմը պահանջեց առավելագույն պատժամիջոց, սակայն 2003թ. սեպտեմբերին Հայաստանում մահապատիժը վերացվեց՝ ԵԽ պարտավորություններին համապատասխան։
Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում՝ հանցախմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։
Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման։
Բոլոր յոթը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, հատկապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում։

