Կարեն Ասլանյանը հռչակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով ադրբեջանցի մարզիկին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Մինչև 63 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամեդլիին:
Ասլանյանի համար սա մեծահասակների աշխարհի առաջնության առաջին ոսկին է:
Ավելի վաղ նա դարձել էր 2024 թվականին Տիրանայում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և 2025 թվականին Բրատիսլավայում կայացած Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Դեպի եզրափակիչ ճանապարհին Ասլանյանը տարել է չորս հաղթանակ:
Կիսաեզրափակչում հայ մարզիկը ժամանակից շուտ 12:4 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդուն:
Ավելի վաղ մրցաշարի ընթացքում Ասլանյանը նույնպես ժամանակից շուտ հաղթանակներ էր տարել Մոլդովայի, Ղրղզստանի և Ուզբեկստանի մրցակիցների նկատմամբ:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է Աստանայում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը:

