Կայացել է Հայաստանի և Վրաստանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

06.11.2026, 19:49
Կողմերը քննարկել են նաև սահմանազատման գործընթացի շարունակականությանն ու հանձնաժողովների հետագա աշխատանքներին առնչվող հարցեր

Կայացել է Հայաստանի և Վրաստանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովի միջև հանդիպումը։

Այս մասին հայտնում է ԱԳՄԱ նախարարության մամուլի ծառայությունը։

Կողմերը ողջունել են hանձնաժողովների աշխատանքների վերսկսումը և ընդգծել պետական սահմանի սահմանազատման գործընթացի կարևորությունը՝ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։ Կողմերը երկուստեք շահագրգռվածություն են արտահայտել շարունակական երկխոսության միջոցով և կառուցողական ոգով գործընթացն ավարտին հասցնելու հարցում։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել իրավական շրջանակի, այդ թվում՝ նախկինում համաձայնեցված արձանագրությունների և հետագա հնարավոր լրացուցիչ քայլերի շուրջ, որոնք առավել կդյուրացնեն գործընթացի սահուն ընթացքը։

Կողմերը քննարկել են նաև սահմանազատման գործընթացի շարունակականությանն ու հանձնաժողովների հետագա աշխատանքներին առնչվող հարցեր։