«Վիճակը շատ ավելի ծանր, շատ ավելի ճգնաժամային է, քան ես ի սկզբանե պատկերացնում էի». Փաշինյանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու մասին
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր, շատ ավելի ճգնաժամային է, քան նա ի սկզբանե պատկերացնում էր։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը սեպտեմբերի 24-ին հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը, որը պատրաստվել է Հայաստանի կառավարության 2026–2031 թթ.-երի ծրագրի շրջանակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։
«Զեկույցի նախագծին ծանոթանալով՝ ինքս ինձ համար արձանագրեցի, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր, շատ ավելի ճգնաժամային է, քան ես ի սկզբանե պատկերացնում էի», - սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եթե զեկույցը ամփոփվի մեկ նախադասությամբ, ապա այն ապացուցում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին «զավթված է Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի աշխարհիկ անունն է — խմբ.) և նրան աջակցող մի խումբ հոգևոր ու աշխարհիկ անձանց կողմից»։
Փաշինյանը կոչ է արել պարզապես կարդալ զեկույցը՝ դրանում համոզվելու համար։
Փաշինյանի և ՀԱԵ–ի միջև հակամարտության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության միջև առճակատումը շարունակվում է արդեն ավելի քան երկու տարի՝ ներքաղաքական տարաձայնությունների և կառավարության քաղաքականության դեմ բողոքի ակցիաների ֆոնին:
Հակամարտությունը սրվեց 2024 թվականին, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գլխավորեց բողոքի շարժումը, որը հետագայում պահանջեց կառավարության ղեկավարի հրաժարականը:
2025 թվականին Փաշինյանը հանդես եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի սուր քննադատությամբ և հայտարարեց նրա հեռանալու և Եկեղեցու կառավարման համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իշխանությունների գործողությունները որակեցին որպես միջամտություն ՀԱԵ ներքին գործերին:
Առճակատումն ուժեղացավ մի շարք բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերի ֆոնին: Իշխանությունները հայտարարում էին, որ իրավապահ մարմինների գործողությունները կապված չեն կրոնական գործունեության հետ, մինչդեռ ՀԱԵ-ում տեղի ունեցողն անվանում էին ճնշում Եկեղեցու նկատմամբ:

