Երևանում ազգականների միջև վիճաբանության հետևանքով տղամարդ է մահացել, կա 4 ձերբակալված

27.10.2026, 12:17
Երևանում ազգականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո տղամարդ է մահացել, չորս անձ ձերբակալվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն
Երևանում ազգականների միջև վիճաբանության հետևանքով տղամարդ է մահացել, կա 4 ձերբակալված

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում ազգականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո տղամարդ է մահացել, չորս անձ ձերբակալվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

Ոստիկանության տվյալներով, հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել։

Ավելի ուշ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել նաև բժշկական կենտրոնից, որ Շիրակի փողոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, նշված փողոցի հասցեներից մեկում ազգականների միջև վիճաբանություն է եղել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։

ժամը 2։18-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է։

Ոստիկանության ծառայողները ձերբակալել են չորս անձի։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։