Սխտորը, սոխը և C վիտամինը չեն պաշտպանում վիրուսներից. մասնագետների խորհուրդները մրսածության սեզոնին

04.11.2026, 21:25
Բժիշկը նշել է սուր շնչառական վիրուսների դեմ պայքարի 3 արդյունավետ միջոց

Սխտորը, սոխը և C վիտամինը չեն պաշտպանում վիրուսներից. մասնագետների խորհուրդները մրսածության սեզոնին

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․    Բժիշկ Մաքսիմ Կուզնեցովը նշել է երեք միջոց, որոնք կարող են արդյունավետ լինել սուր շնչառական վիրուսային վարակների շրջանում։

Մասնագետի խոսքով՝ վարակի դեմ պայքարին նպաստում են տաք թեյը, օդի խոնավացուցիչն ու սենյակների օդափոխումը, ինչպես նաև լիարժեք քունն ու հանգիստը։ Առատ տաք հեղուկների օգտագործումը նվազեցնում է ինտոքսիկացիայի ախտանիշները, իսկ քունը վերականգնում է օրգանիզմի ռեսուրսները, պարզաբանել է Մաքսիմ Կուզնեցովը, փոխանցում է aif-ը։

Նա հավելել է, որ չոր օդը կարող է բարակեցնել լորձաթաղանթները և դրանով իսկ բարենպաստ միջավայր ստեղծել վարակների համար․ օդի խոնավացուցիչը պետք է դա կանխի։

Միևնույն ժամանակ Մաքսիմ Կուզնեցովը հայտնել է, որ C վիտամինի, սոխի կամ սխտորի օգտագործումը վարակի դեմ պայքարում ապացուցված դրական ազդեցություն չունի։ Ինչպես ընդգծել է բժիշկը, տաք կարտոֆիլի գոլորշիով շնչելը նույնպես կարող է օգուտ չտալ, ընդ որում՝ առկա է շնչուղիների ջերմային այրվածք ստանալու ռիսկ։

aif-ը, հղում անելով Daily Mirror-իի զրուցակից՝ դիետոլոգ Փոլին Կոքսին, ներկայացրել է այլ մասնագետի կարծիք, ըստ որի՝ աշնանը և ձմռանը մրսածությունից ու գրիպից պաշտպանվելուն կօգնեն ոչ թե որոշ մթերքներ, այլ հավասարակշռված սննդակարգը։

Մասնագետի խոսքով՝ չկա այնպիսի սնունդ, որը բուժում կամ պաշտպանում է վիրուսներից։ «Սուպերմթերքներ» փնտրելու փոխարեն ավելի լավ է կենտրոնանալ սննդարար նյութերով հարուստ, բազմազան չվերամշակված մթերքներից պատրաստված ճաշատեսակների վրա։

Իմունիտետի պահպանման համար Քոքսը խորհուրդ է տվել պարբերաբար սննդակարգում ներառել յուղոտ ձուկ, ձու, միս, կաթնամթերք և լոբազգիներ։ Կարևոր է նաև ստանալ բավարար քանակությամբ սպիտակուց և սննդակարգում ավելացնել D վիտամինով ու ցինկով հարուստ մթերքներ։

Ընդ որում, նման սննդակարգը վարակներից պաշտպանվելու լիարժեք երաշխիք չէ։ Ռիսկը նվազեցնելու համար դիետոլոգը խորհուրդ է տվել ավելի հաճախ լվանալ ձեռքերը, օդափոխել սենյակները, բավարար քնել և կատարել համապատասխան պատվաստումները։