Հայաստանում ֆիթնես-մարզիչների համար սահմանվել են որակավորման պարտադիր չափանիշներ

12.05.2026, 19:54
Հայաստանում հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը
Հայաստանում ֆիթնես-մարզիչների համար սահմանվել են որակավորման պարտադիր չափանիշներ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամանով սահմանվել են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, հավաստագրի տրամադրման և դրա գործողության դադարեցման հիմքերը։ Նոր կանոնակարգի նպատակն է ապահովել մատուցվող ծառայությունների որակը և գնահատել ոլորտում գործող մասնագետների համապատասխանությունը որակավորման չափանիշներին: Կարգավորումը տարածվում է ոլորտի բոլոր կազմակերպությունների վրա՝ անկախ սեփականության ձևից:

Ըստ նոր կարգի՝ հավաստագրման համար կարող են դիմել մասնագիտական բարձրագույն կրթություն կամ հարակից ոլորտների (աերոբիկա, յոգա, պիլատես, բոդիֆլեքս, զումբա, սթրետչինգ) միջին մասնագիտական կրթություն և վերապատրաստման վկայական ունեցող անձինք: Դիմելու իրավունք ունեն նաև այն մարզիչները, որոնք ունեն առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ: Համապատասխան բարձրագույն կրթություն չունեցող անձանց համար պարտադիր է համարվում առնվազն 144-ժամյա վերապատրաստման դասընթացի անցումը, որը ներառում է այնպիսի առարկաներ, ինչպիսիք են անատոմիան, ֆիզիոլոգիան, սպորտային բժշկությունը, առաջին բուժօգնությունը և սննդաբանությունը: Ընդ որում, վերապատրաստման գործնական բաղադրիչը չի թույլատրվում իրականացնել հեռավար ձևաչափով:

Հավաստագիրը տրամադրվում է հինգ տարի ժամկետով: Նոր աշխատանքի ընդունված և դեռևս չհավաստագրված մարզիչները պարտավոր են դիմել գործընթացն անցնելու համար աշխատանքի անցնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Դիմումները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով

անձը հաստատող փաստաթղթի պատճենը, մասնագիտական բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ հարակից ոլորտների առնվազն միջին մասնագիտական կրթության դիպլոմի պատճենը կամ տեղեկանք առնվազն երեք տարվա ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզչի աշխատանքի փորձի վերաբերյալ, համապատասխան վերապատրաստման վկայական, հավաստագիր ստանալու համար լրացված դիմումը (Ձև 2):

Սահմանված պահանջները չպահպանելու կամ հավաստագրի բացակայության դեպքում կազմակերպությունների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ: ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է, որ այս փոփոխությունները պայմանավորված են քաղաքացիների առողջության ապահովման և ֆիզիկական կուլտուրայի ոլորտում ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությամբ: