«Ինչո՞ւ ոչ Հայաստանը»․ Axiom Space-ի համահիմնադիր Քամ Ղաֆարիանը պատրաստ է աջակցել հայ տիեզերագնացին տիեզերք ուղարկելու հարցում (ՎԻԴԵՈ)

03.11.2026, 19:19
Axiom Space-ի համահիմնադիր Քամ Ղաֆարիանը պատասխանել է «Նովոստի-Արմենիա»-ի հարցերին՝ տիեզերք հայ տիեզերագնաց ուղարկելու հեռանկարների վերաբերյալ. ՎԻԴԵՈ
«Ինչո՞ւ ոչ Հայաստանը»․ Axiom Space-ի համահիմնադիր Քամ Ղաֆարիանը պատրաստ է աջակցել հայ տիեզերագնացին տիեզերք ուղարկելու հարցում  (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Axiom Space ընկերության համահիմնադիր, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային նշանակության ավանդի համար Հայաստանի Հանրապետության 2026 թ.-ի պետական մրցանակի դափնեկիր, ամերիկացի ինժեներ և գործարար Քամ Ղաֆարիանը (Kam Ghaffarian) պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին՝ հայ տիեզերագնացին տիեզերք ուղարկելու հարցում։

Ղաֆարիանը Հայաստանում է պետական մրցանակի հանձնմանը, ինչպես նաև Silicon Mountains 2026 տեխնոլոգիական գագաթնաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։

«Իհարկե, մենք կարող ենք հայի տիեզերք ուղարկել։ Ես տարբեր երկրներից՝ Հնդկաստանից, Հունգարիայից, տիեզերագնացներ եմ ուղարկել տիեզերք։ Ինչո՞ւ ոչ Հայաստանից», – հայտարարել է Ղաֆարիանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Նա կարծիք է հայտնել, որ երկրի փոքր չափերն ու սահմանափակ ֆինանսական ռեսուրսները չպետք է խոչընդոտ դառնան հավակնոտ տեխնոլոգիական նախագծերի իրականացման համար։ Նրա խոսքով՝ գլխավորը կամքի և նպատակին հասնելու ձգտման առկայությունն է։

Գործարարը նաև հայտնել է հայկական ընկերությունների հետ համագործակցելու մտադրության մասին և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանին տիեզերական նախաձեռնությունների իրականացման հարցում։

Հայ տիեզերագնացը՝ որպես ոգեշնչման աղբյուր

Խոսելով Axiom Space-ի փորձի մասին՝ Ղաֆարիանը պատմել է, որ վերջին չորս տարվա ընթացքում ընկերությունը կազմակերպել է չորս մասնավոր տիեզերական առաքելություն՝ տարբեր երկրների տիեզերագնացների մասնակցությամբ։

Մասնավորապես, այդ թռիչքներին մասնակցել են ԱՄՆ-ի, Իսրայելի, Կանադայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Լեհաստանի և Հունգարիայի ներկայացուցիչներ։

«Իմ երազանքն է հայ տիեզերագնաց ուղարկել տիեզերք։ Շատ եմ հուսով, որ մեզ կհաջողվի դա անել», – ասել է Ղաֆարիանը։

Նրա խոսքով՝ նման առաքելությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն տիեզերական ոլորտի զարգացման, այլև երիտասարդ սերնդի շրջանում գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու համար։

«Երբ որևէ երկրից տիեզերագնաց եք ուղարկում տիեզերք, դուք ոգեշնչում եք այդ երկրի ողջ երիտասարդությանը։ Երիտասարդները տեսնում են, որ իրենց հայրենակիցներից մեկը տիեզերքում է։ Եվ այդ ոգեշնչումն առանցքային նշանակություն ունի բազմաթիվ տեխնոլոգիական ձեռքբերումների համար, որոնք ապագայում կարող են տեղի ունենալ այդ երկրում», – պարզաբանել է նա։

Որպես օրինակ՝ գործարարը նշել է Հնդկաստանը, որտեղ ազգային տիեզերագնացի թռիչքը, նրա խոսքով, ոգեշնչման աղբյուր է դարձել միլիոնավոր երիտասարդների համար։

«Վերաիմաստավորել Հայաստանը». ո՞ր տեխնոլոգիաները կարող են ապահովել երկրի զարգացումը

Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի սահմանափակ ֆինանսական ռեսուրսների և գիտաինժեներական սերտ ավանդույթների պայմաններում որ ուղղությունների վրա պետք է կենտրոնանա երկիրը, Ղաֆարիանն առաջարկել է Reimagine Armenia՝ «Վերաիմաստավորել Հայաստանը» հայեցակարգը։

«Երբ ես թռչում էի այստեղ, հենց այդ մասին էի մտածում։ Եվ մի միտք ծագեց՝ վերաիմաստավորել Հայաստանը։ Պատկերացնել այն որպես տեխնոլոգիական առաջընթացի երկիր, որպես ժամանակակից աշխարհի մի մաս, որը ներդրումներ է կատարում այն ուղղություններում, դեպի ուր շարժվում է աշխարհը, այլ ոչ թե այնտեղ, որտեղ այն եղել է նախկինում կամ գտնվում է այսօր», – ասել է նա։

Առավել հեռանկարային ուղղությունների թվում գործարարն առանձնացրել է էներգետիկան, արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը և քվանտային հաշվարկները։

«Աշխարհը շարժվում է դեպի էներգետիկայի լայնածավալ վերածնունդ, արհեստական բանականության զարգացում, ռոբոտաշինության և քվանտային հաշվարկների ոլորտներում անհավանական առաջընթաց։ Սրանք բոլորը նոր, հեռանկարային ուղղություններ են», – նշել է Ղաֆարիանը։

Գործարարը կարծում է, որ հենց այդ ոլորտներում ներդրումները պետք է դառնան Հայաստանի նոր տեխնոլոգիական տեսլականի մի մասը։

Ինչու համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունները կարող են ներդրումներ կատարել Հայաստանում

Խոսելով Հայաստանի մրցակցային առավելությունների մասին՝ Ղաֆարիանը հատկապես ընդգծել է բարձր որակավորում ունեցող ինժեներական և գիտական կադրերի առկայությունը։

«Հայաստանում շատ տաղանդավոր ինժեներական մասնագետներ կան։ Ես գիտեմ, որ այստեղ NVIDIA-ի տվյալների կենտրոն կա։ Ուստի կարծում եմ, որ Synopsys-ի և այլ նման ընկերությունների համար բարձր որակավորում ունեցող կադրերի հասանելիությունը շատ կարևոր է», – ասել է նա։

Գործարարի խոսքով՝ զարգացած ինժեներական և գիտական բազան նախադրյալներ է ստեղծում միջազգային տեխնոլոգիական ընկերությունների՝ Հայաստան մուտք գործելու և երկրում ներդրումներ կատարելու համար։

Նա նաև դրական է գնահատել Հայաստանում միջազգային տեխնոլոգիական համաժողովների անցկացումը՝ նշելով, որ նման միջոցառումները նպաստում են փորձի փոխանակմանը, համագործակցության զարգացմանը և տարբեր երկրների ու ընկերությունների ներկայացուցիչների միջև կապերի հաստատմանը։

Սպահանի մասին հիշողություններից մինչև առաջին այցը Հայաստան

Գործարարը ծնվել է Իրանի Սպահան քաղաքում, որտեղ պատմականորեն բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ամենահին հայկական համայնքներից մեկը։

Նրա խոսքով՝ մանկության տարիներին բազմաթիվ հայ ընկերներ է ունեցել, իսկ ամենաջերմ հիշողություններից մի քանիսը կապված են Սուրբ Ծննդյան տոներին հայկական Նոր Ջուղա թաղամաս այցելելու հետ։

«Իմ մանկության ամենասիրելի հիշողություններից մեկը կապված է Սուրբ Ծննդի հետ։ Ես շատ էի սիրում Սուրբ Ծննդյան օրերին գնալ Ջուղա, նշել Սուրբ Ծնունդը և տեսնել այդ բոլոր հրաշալի մարդկանց։ Ես շատ հայ ընկերներ ունեի», – պատմել է նա։

Ղաֆարիանը խոստովանել է, որ ներկայիս այցն իր առաջին այցելությունն է Հայաստան և առանձնահատուկ հուզական նշանակություն ունի իր համար։

«Սա իմ առաջին այցն է Հայաստան։ Եվ այն ինձ համար հսկայական նշանակություն ունի։ Այնպիսի զգացողություն ունեմ, կարծես կապ եմ հաստատում իմ նախնիների հողի հետ», – ասել է գործարարը։

«Պատկերացրու, հավատա, իրագործիր». Ղաֆարիանի հաջողության փիլիսոփայությունը

Ղաֆարիանը 17 տարեկանում ժամանել է ԱՄՆ՝ ունենալով ընդամենը 2 հազար դոլար փոխառու միջոցներ, իսկ ավելի ուշ գրավադրել է սեփական տունը՝ իր առաջին բիզնեսը ֆինանսավորելու համար։

Նրա խոսքով՝ հաջողության վճռորոշ գործոնը սեփական գաղափարին հավատալն ու դրա իրականացմանը լիովին նվիրվելու պատրաստակամությունն է։

«Երբ դուք կիրք ունեք ձեր գործի նկատմամբ, նպատակին հասնելու անհավանական ձգտում և հավատ այն ամենի հանդեպ, ինչով զբաղվում եք, այդ դեպքում անհնարին ոչինչ չկա», – ասել է նա։

Գործարարը նշել է, որ առաջնորդվում է Imagine, Believe, Execute՝ «Պատկերացրու, հավատա, իրագործիր» սկզբունքով, որն արտացոլված է իր IBX ներդրումային ընկերության անվանման մեջ։

«Պատկերացրեք որոշակի ապագա, հավատացեք դրան. հավատն այստեղ գլխավոր բաղադրիչն է, իսկ հետո արեք անհրաժեշտ ամեն ինչ՝ այդ ապագան իրականություն դարձնելու համար», – ընդգծել է Ղաֆարիանը։

Axiom Space-ը ամերիկյան տիեզերական ընկերություն է, որը զբաղվում է մասնավոր օդաչուավոր տիեզերական առաքելությունների կազմակերպմամբ և առևտրային ուղեծրային կայանի մշակմամբ, որն ապագայում պետք է գործի Միջազգային տիեզերակայանից անկախ։ Ընկերությունը նաև նախատեսում է հնարավորություններ ստեղծել միկրոգրավիտացիայի պայմաններում գիտական հետազոտությունների և արտադրության իրականացման համար, այդ թվում՝ դեղագործության, կենսատեխնոլոգիաների և կիսահաղորդիչների ոլորտներում։