Ի՞նչ կփոխվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում 2027թ հունվարի 1-ից

29.10.2026, 12:20
Ո՞վ և որքա՞ն կվճարի առողջության ապահովագրության համար 2027 թվականից. համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կայացած կառավարության նիստում
Ի՞նչ կփոխվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում 2027թ հունվարի 1-ից

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար քաղաքացիներ, կփոխվի նաև որոշ աշխատողների ապահովագրավճարի բաշխման կարգը։

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծը։

Ովքեր և որքան կվճարեն ապահովագրության համար

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ամսական 10 800 դրամ ապահովագրավճարը կբաշխվի երեք կողմի միջև՝ 4 400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4 400 դրամը կվճարի գործատուն, իսկ 2 000 դրամը՝ աշխատողը։

«Նաև մեր մտադրությունն էր, որ 200 000 դրամից ավելի ցածր աշխատավարձ ստացող աշխատողների կենսամակարդակը, նրանց աշխատունակությունն ապահովելու մասով գործատուները ևս պետք է ունենան իրենց մասնակցությունը», - նշել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ 200 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար պետության 6 000 դրամ սուբսիդավորումը կպահպանվի, իսկ մնացած 4 400 դրամը կվճարի քաղաքացին։

«Առաջին տարվա համար 200 հազարից 500 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողների համար 2026 թվականին սուբսիդավորում ենք 6000 դրամը, բայց հաջորդ տարվանից նրանք այս 6000 դրամը կվճարեն սոցկրեդիտի շրջանակում․ այսինքն՝ սուբսիդավորման հատվածից արդեն դուրս կգան», - ասել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող աշխատողների դրոշմանիշային վճարը սահմանվել է 1 000 դրամ, որը նախկինում ավելի բարձր էր։

Հնարավոր կլինի ապահովագրել ընտանիքի անդամներին

2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է նաև հնարավորություն տալ աշխատող քաղաքացիներին կամավոր հիմունքներով ապահովագրել իրենց փոխկապակցված անձանց։

Մասնավորապես՝ 200 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան ապահովագրել ընտանիքի մեկ անդամի, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ երկու անդամի։ Նրանց ապահովագրավճարները քաղաքացիները կվճարեն ինքնուրույն։

Համակարգում կընդգրկվեն նաև տաքսու վարորդները

Փոփոխություններով կկարգավորվեն նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող վարորդների ապահովագրավճարների վճարման մեխանիզմները։

Համակարգում կընդգրկվեն այն վարորդները, որոնք էլեկտրոնային հարթակներում ունեն առնվազն երկու տարվա գրանցման պատմություն, և որոնց ընդհանուր շրջանառությունը 2026 թվականի ընթացքում ամսական կտրվածքով գերազանցել է նվազագույն աշխատավարձը։

«Սա էլ ուղղված է նրան, որ մենք նախ ապահովենք կայունությունը, և, իհարկե, նաև մեր տաքսի ծառայությունների վարորդները, ուրեմն, հնարավորություն ունենան ևս համակարգից օգտվելու», - նշել է նախարարը։

Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կայացած կառավարության նիստում։