«Ով փորձի հարվածել ԱԺ պատգամավորին, այդ ձեռքը կջարդենք, պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք». Փաշինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին (ՎԻԴԵՈ)

29.10.2026, 13:51
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է ջարդել այն մարդկանց ձեռքը, որոնք կփորձեն հարվածել Ազգային ժողովի պատգամավորին. ՎԻԴԵՈ

«Ով փորձի հարվածել ԱԺ պատգամավորին, այդ ձեռքը կջարդենք, պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք». Փաշինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է ջարդել այն մարդկանց ձեռքը, որոնք կփորձեն հարվածել Ազգային ժողովի պատգամավորին։

«Եթե որևէ մեկը կա, որ մտածում է, որ կարող է ձեռքը երկարացնել, որ Ազգային ժողովի պատգամավորին խփի, այդ ձեռքը մենք կջարդենք ուղղակի։ Ասում եմ շատ ուղիղ և առանց սեթևեթանքի։ Պետք լինի, աթոռով էլ կջարդենք»,– հայտարարել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Նրա խոսքով՝ ինքը տեսել է միջադեպի կադրերը և կարծում է, որ պատգամավորին հարվածելու փորձն անընդունելի է։

«Երբ իրանց այդ «դուրսպրծուկը դուրս էր տալիս» ամբիոնից, 3 ամիս «Քաղաքացիական պայմանագիրը» ասում էր. «Գնահատական տվե՛ք տեղի ունեցածին, գնահատական տվե՛ք տեղի ունեցածին»․ չտվի՛ն գնահատական։ Դե, հիմա թող ուտեն իրանց արածների հետևանքները։ Սրանից հետո միշտ լինելու է այդպես. ինչքան իրենց այդպես պահեն, ստանալու են այդ նույն արձագանքը», - նշել է վարչապետը։

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն է տվել նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիանա Ղահրամանյանը՝ հայտարարելով, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Սադրիչ Տարոն Չախոյանի հրահրումները նա խրախուսեց, երբ միտումնավոր չէր միջամտում։ Եթե այս պահին ամբիոնին որևէ ընդդիմադիր պատգամավոր խոսեր այնպես, ինչպես խոսում էր սադրիչ Տարոն Չախոյանը, Ռուբեն Ռուբինյանը րոպեական կհրավիրեր անվտանգությանը»,– հայտարարել է Ղահրամանյանը։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում իրավիճակը լարվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանն ընդհատեց նրան։ Սկզբում այն վերածվեց քաշքշուկի, ապա՝ ծեծկռտուքի։