«Ճմռթել, կծել, այդ գործողությունը դուրս է գալիս»․ Փաշինյանը՝ բիոմետրիկ անձնագրերի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում բիոմետրիկ անձնագրերի ներդրումը թույլ կտա արագացնել սահմանահատման գործընթացը, բարձրացնել փաստաթղթերի անվտանգությունը և նոր հնարավորություններ ստեղծել պետական ծառայությունների թվայնացման համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։
«Հիմա այլ երկրներում՝ կախված նաև մեր երկկողմ պայմանավորվածություններից, ասենք՝ կարող է Ֆրանսիայի կամ Եվրամիության հետ պայմանավորվենք, որ մենք տվյալների փոխանակում ենք իրականացնում, այսինքն՝ դրսում էլ գնալ-գալիս սահմանային կետերը հատում է բիոմետրիկ անձնագրով։ Այսինքն՝ նայել անձնագիրը, ճմռթել, կծել և այլն, այդ գործողությունը դուրս է գալիս ընդհանրապես», - ասել է Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման կարգը հաստատելու հարցի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները տեխնոլոգիաների զարգացման և համապատասխան պայմանավորվածությունների առկայության դեպքում կկարողանան սահմանը հատել առանց սահմանապահի հետ անմիջական շփման։
«Հիմա մենք արդեն աշխատում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում և անցակետերում ով կենսաչափական անձնագիր ունի, գնում է, անձնագիրը դնում է, անցնում, դուրս է գալիս», - նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ բիոմետրիկ անձնագրերի ներդրումը կարևոր նշանակություն ունի նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի համար։
Նա ընդգծել է, որ բիոմետրիկ փաստաթղթերը կարող են նպաստել նաև թվային ծառայությունների անվտանգության բարձրացմանը։ Ըստ նրա՝ թվայնացման պայմաններում կարևոր է համոզվել, որ համակարգի մյուս կողմում գտնվող անձը հենց այն մարդն է, ում ինքնությունը ներկայացվում է։
Անձնագրային ծառայությունների նոր հասցեներ
Վարչապետը նաև նշել է, որ անձնագրային ծառայությունների մատուցման նախկին համակարգը փոխվում է։
«Վատ լուրն այն է, որ մեր բոլորիս տասնյակ տարիներ կյանքի անբաժան մասը դարձած «պասպորտ սեղանները» փակվում են», - ասել է նա։
Փաշինյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 1-ից հանրապետությունում ծառայությունները հասանելի կլինեն երկու գրասենյակում՝ առևտրի կենտրոններում, իսկ մյուս վայրերում կգործի ևս 12 գրասենյակ։
Նրա խոսքով՝ գրասենյակները տեղակայվում են այնպես, որ քաղաքացիները կարողանան անձնագրային ծառայություններից օգտվել իրենց առօրյա գործերի հետ համատեղ՝ առանց դրա համար ամբողջ օրը հատկացնելու։
«Մենք ուզում ենք, որ այս և մյուս թվայնացման արդյունքում ընդհանրապես պրոցեսը մարդուն ոչ թե խանգարի, այլ մարդու կյանքի մի մաս դառնա, բայց հետագայում մարդուն օգնելու և նրա ժամանակը խնայելու նկատառումով», - ընդգծել է Փաշինյանը։
Կարդացեք նաև․ Նոր կենսաչափական անձնագրեր Հայաստանում՝ նոյեմբերի 1-ից․ գներ, դիմելու կարգ և կարևոր փոփոխություններ (ՈՒՂԵՑՈՒՅՑ)

