Վարդաշենի երկու վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար կհատկացվի 1 մլրդ դրամ. Ավինյան

09.11.2026, 16:15
Ծրագիրն իրականացվելու է նաև Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ, ասել է քաղաքապետը
Վարդաշենի երկու վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար կհատկացվի 1 մլրդ դրամ. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասում գտնվող երկու վթարային հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով 2027 թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1 մլրդ դրամ, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Դա Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 և 68Ա հասցեներում գտնվող՝ քանդման ենթակա 2 շենքերի, վթարային, հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցումն ապահովելու նպատակով ծրագիրն է», - ասել է Ավինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ.-ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ ծրագիրն իրականացվելու է նաև Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ։

Ավինյանն ընդգծել է, որ 1 մլրդ դրամը պետության կողմից հատկացվող գումարի չափն է։

«Մենք ունենք այլ ծրագրեր, որոնք իրականացվում են այս նույն վթարային շենքերի մասով՝ վերակառուցման տարբերակով, այսինքն՝ իրենց տեղում կառուցվում են նոր շենքեր, և էդ բնակարանային ֆոնդից է տրվում բնակիչներին համապատասխան բնակարան», - ասել է քաղաքապետը։

Ավելի վաղ Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց բնակարանների հարցի լուծման համար առաջարկվող փոխհատուցման չափի դեմ։ Նրանց խոսքով՝ առաջարկվող գումարով անգամ 5 քառակուսի մետր մակերեսով բնակարան ձեռք բերել հնարավոր չէ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ այդ մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություն չունի, և այդ գույքի շուկայական արժեքը զրո է։