Ողբերգական վթար՝ Թեղուտ-Հաղարծին ճանապարհին. մեքենան գյուղամիջյան ճանապարհից ընկել է Երևան-Իջևան մայրուղու վրա
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ-Հաղարծին գյուղամիջյան ճանապարհահատվածում ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ։
Ինչպես հայտնում է կայքը, ժամանել են ՊԾ Տավուշի մարզի գումարտակի պարեկները։
Դիլիջան բժշկական կենտրոնի բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Պարզվել է, որ «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան Թեղուտ-Հաղարծին գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20-30 մ բարձրությունից ընկել ու հայտնվել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին։
Վթարի հետևանքով 38-ամյա Ա. Ա․-ն, 12-ամյա Ն. Թ․-ն, 3-ամյա Ս. Թ․-ն և 14-ամյա Ն. Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն ճանապարհին Ն. Թ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ըստ կայքի տրամադրած տեղեկատվության, դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներն ու մահացածը ընտանիքի անդամներ են և բնակվում են Հաղարծինում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

