Tour of Armenia՝ հեծանվային մեծ տոն Երևանում․ քննարկվել են միջազգային մրցաշարի մանրամասները (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, հաղորդում է ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունը։
Նիստին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հեծանվավազքի կազմակերպման գործում խորհրդատվական աշխատանքներ իրականացնող RCS խորհրդատվական ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն, այլ պատասխանատուներ, պետական և մարզական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին համագործակցության և պատրաստակամության համար՝ ընդգծելով ջանքերի մեկտեղման կարևորությունը մրցաշարը պատշաճ անցկացնելու նպատակով:
Նիստի ընթացքում քննարկվել են մրցաշարի անցկացման երթուղիների առաջարկվող տարբերակները, որոնք մշակվել են տևական ուսումնասիրությունից հետո: Ըստ ներկայացված տարբերակների՝ երթուղիներն ընդգրկում են Երևանի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի ճանապարհային հատվածները: Նախանշվել են երթուղիներում առկա հնարավոր խնդիրները, դրանք մրցաշարի պահանջներին համապատասխանեցումը, երթուղիների կենտրոնների տեղորոշումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը:

Կարևորվել է մրցաշարի ընթացքում Հայաստանի բնապատկերներն առավել արդյունավետ ներկայացնելու հանգամանքը՝ ընդգծելով մրցաշարի կարևոր դերը Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում, մասնավորապես՝ հեծանվային զբոսաշրջության խթանման տեսանկյունից։
Անդրադարձ է կատարվել նաև նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքների, մարքեթինգային և իրազեկման արշավների պատշաճ ապահովման վերաբերյալ հարցերին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է գործընթացների համակարգված կազմակերպման, սահմանված ժամկետների խիստ պահպանման և միջազգային չափանիշների լիարժեք ապահովման կարևորությունը՝ նշելով, որ աշխատանքի որակը պայմանավորված է շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցությամբ:
Բազմօրյա հեծանվավազքին նախատեսվում է շուրջ 20 թիմերի փորձառու հեծանվորդների մասնակցություն․ թիմերը կազմված են լինելու յուրաքանչյուրը 6 անդամից:

