Առողջության ապահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համար․ ՊԵԿ
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՊԵԿ–ը առողջության ապահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ է սահմանել ԱՁ–ների և նոտարների համար։
Ինչպես հայտնում են ՊԵԿ–ից, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է։
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով կատարված փոփոխություններով՝ 2025 թվականի ընթացքում 2 400 000 դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող ԱՁ-ներն ու նոտարները 2026 թվականի ապրիլի 20-ի փոխարեն ապահովագրավճարները կարող են վճարել մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը ներառյալ։
Սահմանվել է նաև, որ եթե 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՁ-ի կամ նոտարի գործունեությունը դադարեցված է եղել, և այդ մասին հայտարարություն է ներկայացվել հարկային մարմին, ապա 2026 թվականին ապահովագրավճարները պետք է կատարվեն գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող ամսվա 1-ից սկսած։
ՊԵԿ–ից հիշեցնում են, որ ԱՁ-ներն ու նոտարները ապահովագրավճարները կարող են փոխանցել 900005003703 հաշվեհամարին։
Միաժամանակ, այն ԱՁ-ներն ու նոտարները, որոնց գործունեությունը 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ դադարեցված է եղել, սակայն մինչև վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները կատարել են ապահովագրավճարներ և չեն օգտվել ապահովագրական փաթեթից, ապա վճարված գումարները կարող են հետ ստանալ Հիմնադրամից։

