Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին

30.04.2026, 15:23
«Ձեր տրամաբանությամբ, երբ Ադրբեջանի փոխվարչապետը այցելում էր Հայաստան, պետք էր կյանքը կանգնեցնել, որպեսզի որևէ մեկնաբանության տեղիք չլինե՞ր», – հարցրել է Փաշինյանը
Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Հայաստան կատարած այցին և դրա շուրջ առկա քննարկումներին: 

Անդրադառնալով այն քննադատությանը, թե այցի մանրամասները գաղտնի են պահվել հանրությունից, վարչապետը նշեց, որ կոնֆիդենցիալության կանոնները պահպանվում են անվտանգության նկատառումներով: Նա ընդգծեց, որ նույնպիսի կանոններ են գործել նաև ՀՀ փոխվարչապետի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ: 

«Ձեր տրամաբանությամբ, երբ Ադրբեջանի փոխվարչապետը այցելում էր Հայաստան, պետք էր կյանքը կանգնեցնել, որպեսզի որևէ մեկնաբանության տեղիք չլինե՞ր: Բայց այդ դեպքում էլ կլիներ մեկնաբանություն, որ Ադրբեջանի փոխվարչապետին ընդունելու համար կյանքը կանգնեցրել եք», - ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով թեմայի վերաբերյալ լրագրողի հարցին: 

Վարչապետը նշեց, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել և 2 երկրների փոխվարչապետերի այցերը համարեց պատմական՝ խաղաղության գործընթացի և ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով ուժեղանա և հաստատվեն երկարաժամկետ բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով բարիդրացիական հարաբերություններ։ 

«Ընդհանրապես, ես կարծում եմ, որ ցանկացած միջազգային հյուրի մենք պետք է ընդունենք հնարավորինս լավ», - նշեց Փաշինյանը։

Նշենք, որ երեկ Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների 13-րդ հանդիպումը, կողմերը քննարկել են սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցեր: