Ջերմուկի տարածքից փրկված քոթոթներից մեկն անկել է. մյուսի վիճակը գնահատվում է փոփոխական
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ջերմուկի տարածքից փրկված արջի քոթոթներից մեկն անկել է։
Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ հավելելով, որ մյուս քոթոթն այս պահին գտնվում է հսկողության տակ, սակայն նրա վիճակը փոփոխական է, և յուրաքանչյուր ժամը կարող է վճռորոշ լինել կենդանու կյանքի համար։
Վայրի բնության վերականգնողական աշխատանքների համատեքստում նշվում է, որ անհայտ է, թե քոթոթները որքան ժամանակ են մնացել առանց մոր, սննդի և ջրի։ Վայրի բնության մեջ նույնիսկ մի քանի ժամն առանց ջերմության ու կաթի կարող է անդառնալի գործընթացներ սկսել օրգանիզմում։ Երբ կենդանին երկար ժամանակ սնունդ չի ստանում, նրա ներքին օրգանները սկսում են աշխատել սեփական ռեսուրսների սպառման հաշվին։ Մորից անջատվելը հանգեցնում է ոչ միայն սովի, այլև օրգանիզմի կտրուկ ջրազրկման, ինչը կրիտիկական է վաղ տարիքում, քանի որ անհրաժեշտ ողջ հեղուկը քոթոթները ստանում են բացառապես մայրական կաթի միջոցով։
Մասնագետները փաստում են, որ վայրի բնության մեջ նման երևույթները բնական են, և ոչ բոլոր առանձնյակներն են ունենում բավարար տոկունություն՝ հաղթահարելու սովն ու սթրեսը։
Միաժամանակ, հիմնադրամը հորդորում է, որ միայնակ մնացած կամ թույլ քոթոթներ տեսնելու դեպքում պետք է անմիջապես ահազանգել մասնագետներին և չփորձել մոտենալ կամ ինքնուրույն կերակրել կենդանիներին, քանի որ ժամանակին ցուցաբերված մասնագիտացված օգնությունը մեծացնում է նրանց ապրելու հավանականությունը։
Նշենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, մայիսի 4–ին ժամը 13:00-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնից ստացվել է ահազանգ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ ճանապարհի բարձրացված հատվածի հենապատի վրա հայտնաբերված արջի 2 քոթոթի վերաբերյալ:
Տեսչական մարմնի աշխատակիցների անհապաղ արձագանքի արդյունքում դեպքի վայրում պարզվել է, որ անօգնական վայրի կենդանիները ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջի մոտ մեկ ամսական քոթոթներ են:

