Կանադան պատրաստ է աջակցել Հայաստանին ընտրությունների անցկացման հարցում․ Կանադայի վարչապետը՝ Փաշինյանին

03.05.2026, 18:59
Կանադայի վարչապետը Փաշինյանին ասել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին ընտրությունների անցկացման հարցում
Կանադան պատրաստ է աջակցել Հայաստանին ընտրությունների անցկացման հարցում․ Կանադայի վարչապետը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը ողջունել է Մարկ Քարնիի և պատվիրակության այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։  

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու և մեր երկիր այցելելու հնարավորությունն օգտագործելու համար։ Կարծում եմ՝ Ձեր մասնակցությունն այս ձևաչափն ավելի արդյունավետ է դարձնում, որովհետև ակնհայտորեն դա ընդլայնում է հայացքներն ու տեսակետները»,-նշել է երկրի ղեկավարը։ 

Մարկ Քարնին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ այս կարևոր միջոցառմանը մասնակցելու հրավերի համար։ 

Կանադայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը՝ Իրանի հակամարտության հետ կապված կանադացիներին ցուցաբերված աջակցության համար։ 

Միաժամանակ, նա անդրադարձել է Եվրոպական միության հետ տարածաշրջանում իրականացվող մշտադիտարկմանը և հայտնել ընտրությունների անցկացման հարցում աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը։ Կանադայի վարչապետը նշել է, թե որքան տպավորված է վարչապետ Փաշինյանի առաջնորդությամբ տարածաշրջանային կայունության և հայ ժողովրդի համար ավելի մեծ բարգավաճման հեռանկարներ բերելու քայլերի հարցում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Կանադա երկկողմ բարեկամական հարաբերություններին և մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: