Le Figaro․ Եվրոպան ռիսկի է դիմում աչք փակել ՀՀ–ում ժողովրդավարության խնդիրների վրա՝ հանուն Ռուսաստանին զսպելու
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպական կառավարությունները ռիսկի են դիմում զոհաբերել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիտարկելով առաջին հերթին որպես պատնեշ ռուսական ազդեցության դեմ։
Այս մասին ասվում է Human Rights Watch-ի նախկին գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթի և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կալֆայանի հոդվածում, որը հրապարակվել է Le Figaro-ում։
Հեղինակները, ովքեր International Observatory for Democracy in Armenia-ի գործադիր խորհրդի անդամներ են, վերջերս այցելել են Հայաստան՝ գնահատման առաքելությամբ՝ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Նրանց կարծիքով՝ ռուսական ազդեցության դեմ պայքարի պատրվակով եվրոպական մայրաքաղաքները փաստացի անտեսում են Հայաստանի ներսում առկա տագնապալի ազդակները՝ ճնշումներն ընդդիմության նկատմամբ, կոնֆլիկտը Հայ Առաքելական Եկեղեցու հետ, պետական ռեսուրսների օգտագործումը և դատական համակարգի անկախության հետ կապված խնդիրները։
Հոդվածում նշվում է, որ ընտրական իրավիճակը Փաշինյանի համար մնում է բարդ, իսկ ընտրությունների ելքը՝ անորոշ։ Հեղինակները կարծում են, որ հենց այդ պատճառով էլ իշխանություններն օգտագործում են արտաքին սպառնալիքի թեման՝ որպես քաղաքական ռազմավարության կարևոր տարր։
Ռոթը և Կալֆայանը առանձնահատուկ մատնանշում են մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը։ Ըստ նրանց գնահատականի՝ նման միջոցառման անցկացումմ ընտրությունների նախաշեմին կարող է ընկալվել որպես քաղաքական աջակցություն գործող իշխանություններին։
Հեղինակները նաև ուշադրություն են հրավիրում հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով Հայաստան առաքելություն ուղարկելու ԵՄ որոշման վրա։ Նրանք կարծում են, որ դրա հետ մեկտեղ Եվրոպան բավարար ուշադրություն չի դարձնում երկրի ներքին ժողովրդավարական խնդիրներին։
«Եթե ժողովրդավարությանը նրա հավատարմությունը ընկալվի որպես դատարկ հռետորաբանություն, որը զոհաբերվում է հանուն աշխարհաքաղաքականության, դա ազդակ կհանդիսանա այլ առաջնորդների համար՝ արդարացնելու հրաժարումը ժողովրդավարությունից»,- ասվում է հոդվածում։

