«Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ». Փաշինյան

09.11.2026, 12:16
Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ։ Մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ։ Եվ մեզ համար սա իսկապես սկզբունքային խնդիր է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը
«Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ». Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը հետևողականորեն պայքարում է կոռուպցիայի դեմ, իսկ կոռուպցիայից զերծ պետություն ունենալը կառավարության առաջնահերթություններից է։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։

«Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ։ Մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ։ Եվ մեզ համար սա իսկապես սկզբունքային խնդիր է, և կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է», - ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն արժեքային, այլև գործնական նշանակություն ունի։ Վարչապետը նշել է, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են 2017 թվականի համեմատ՝ արձանագրելով 135% աճ։

Փաշինյանը, սակայն, ընդգծել է, որ այդ ցուցանիշները միայն Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունք չեն, միաժամանակ նշելով, որ առանց հակակոռուպցիոն քաղաքականության և սկզբունքային մոտեցման նման արդյունքներ արձանագրել հնարավոր չէր լինի։

«Մենք շարունակելու ենք սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ, և, իհարկե, մեր առաջնահերթությունը կոռուպցիայի կանխարգելումն է, և այդ ուղղությամբ մենք ձեռնարկում ենք բավականին լայնամասշտաբ քայլեր», - նշել է վարչապետը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ կոռուպցիոն ռիսկերը հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել, ուստի կարևոր է նաև արդեն արձանագրված դեպքերի բացահայտումը, դրանց իրավական գնահատական տալը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը։

«Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները, այսինքն՝ արդեն իսկ արձանագրված կոռուպցիայի դեպքերը արձանագրելը և դրանց իրավական գնահատական տալը և մեղավորներին պատասխանատվության կանչելը, իհարկե, չափազանց կարևոր և սկզբունքային խնդիր է», - հայտարարել է Փաշինյանը։