«Միասնության թևեր» կուսակցությունը ներկայացնում է նախընտրական ծրագրի այն հատվածը, որն ուղղված է աշխատող մարդուն պաշտպանելուն

01.05.2026, 13:31
«Միասնության թևերը» ներկայացնում է նախընտրական ծրագրի սեղմագրի այն հատվածը, որն ուղղված է աշխատող մարդուն պաշտպանելուն և աշխատատեղեր ստեղծող տնտեսություն կառուցելուն
«Միասնության թևեր» կուսակցությունը ներկայացնում է նախընտրական ծրագրի այն հատվածը, որն ուղղված է աշխատող մարդուն պաշտպանելուն

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 1-ին՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, «Միասնության թևերը» ներկայացնում է նախընտրական ծրագրի սեղմագրի այն հատվածը, որն ուղղված է աշխատող մարդուն պաշտպանելուն և աշխատատեղեր ստեղծող տնտեսություն կառուցելուն։

  • Կբարձրացնենք նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները՝ արժանապատիվ կյանք ապահովելու համար։

  • Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով։

  • Կստեղծենք վերապատրաստման կենտրոններ՝ ապահովելով 10,000-ից ավելի քաղաքացու մուտքը բարձր եկամուտ ապահովող ոլորտներ։

  • Չմշակվող հողատարածքներն ու լքված շինությունները կտրամադրենք զարգացման ծրագրեր ներկայացնողներին։

  • Հայաստանը կդարձնենք արտադրական և տեխնոլոգիական երկիր՝ արդյունաբերական գոտիներով, որտեղ կլինի գրեթե զրոյական հարկային համակարգ և պարզ վարչարարություն։

  • Կներդնենք նոր հարկային համակարգ․ նախքան դրա գործարկումը կվերականգնենք մինչև 2025 թվականի հունվարի 1-ը գործող հարկային ռեժիմը։

  • Կվերացնենք շրջանառության հարկն ու ԱԱՀ-ն՝ փոխարենը ներդնելով պարզ՝ 5 %-անոց հարկ:

  • Կվերացնենք հավասար հարկման անարդար մոտեցումը․ քիչ եկամուտը կհարկվի քիչ, շատ եկամուտը՝ շատ։

  • Քաղաքացին կկարողանա գնել բիզնեսի բաժնետոմսեր՝ արժեթղթերի շուկան կլինի հասանելի բոլորին։

  • Կներդնենք թվային դրամ՝ ապահովելով պետական ֆինանսների թափանցիկություն և վերահսկելիություն։

  • Կստեղծենք գյուղատնտեսական արտադրանքի մթերման և ագրոխորհրդատվության կենտրոններ։

  • Ոռոգման ջրի վճարը, բացի արտադրության ու գործարար նպատակների, գյուղացիների համար լինի կես հեկտարը՝ 500 դրամ, 1 հեկտարը՝ 1000 և այդպես շարունակ։

  • Կապահովենք օտարերկրյա շուկաների հասանելիություն, գյուղմթերքի բրենդավորում և լոգիստիկ ուղեկցում։

  • Կզարգացնենք ապահովագրությունը, այդ թվում՝ անասունների անկումը և բերքի ոչնչացումը փոխհատուցելով։

  • Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում։

  • Բազմազավակ ընտանիքի եկամտային հարկը կհաշվարկվի ընդհանուր եկամտից՝ նվազեցնելով հարկի չափը յուրաքանչյուր երեխայի համար։

  • Կվերականգնենք «Գյուղական ուսուցիչ» ծրագիրը՝ տրամադրելով մինչև 0% վարկ, մեկնարկային ֆինանսավորում, իսկ երկարաժամկետ աշխատանքի դեպքում՝ հողամաս կամ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև զինծառայությունից տարկետում։

  • Խրախուսելու ենք ուսուցչի մասնագիտական զարգացումը․ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ոչ մի ուսուցիչ աշխատանքը չի կորցնի։

  • Պետական առողջապահական հաստատություններում աշխատող բժիշկների համար կներդրվեն որակյալ, շարունակական վերապատրաստման և վերամասնագիտացման ծրագրեր։

  • Կներդրվի բուժաշխատողների և մանկավարժների վարձատրության նոր համակարգ. հաշվի կառնվեն աշխատանքի վայրը (հատկապես՝ մարզերում), ռիսկայնությունը, ծանրաբեռնվածությունը և այլն։

  • Բուժաշխատողներն ու ուսուցիչներն այլևս չեն ներգրավվի վարչարարական աշխատանքներում․ բժիշկը պետք է բուժի, ուսուցիչը՝ սովորեցնի։