Ուղարկվում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

09.11.2026, 12:58
Կեղծ հաղորդագրություններ` iMessage-ով. փորձում են ձեռք բերել քաղաքացիների բանկային տվյալները
Ուղարկվում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբեր․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կիբեռոստիկանությունը հայտնում է, որ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը։

Քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։

«Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։

Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ։

Կիբեռոստիկանությունից հիշեցնում են՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

• Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։
• Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։
• Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։
• Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։
• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

Գերատեսությունից նաև հիշեցնում են, որ պետական մարմնի անունից ուղարկված հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է` կոչ անելով չվստահել կասկածելի հղումներին և չփոխանցել անձնական տվյալները։